14/06/2012 10:04
Նեպալի վարչապետը կգիշերի գյուղում
Նեպալի վարչապետ Բաբուրամ Բխատարայը հայտարարել է, որ գիշերելու է գյուղում` հասարակ մարդկանց մոտ, մինչև չիմանա նրանց բոլոր խնդիրները, գրում է BBC: Կառավարության լրատվության բաժնի տեղեկացմամբ, վարչապետը մտադիր չէ սահմանափակվել այսքանով և ամիսը մեկ գիշերելու է գյուղում, մինչև նոյեմբեր ամսին նշանակված համազգային ընտրությունները:
Չորեքշաբթի գիշերը վարչապետը գիշերել է առաջին գյուղում, որը գտնվում է մայրաքաղաքին մոտ գյուղական տարածքում:
Նշենք, որ հունիսի 9–ին Նեպալում 20000 մարդ դուրս են եկել փողոց` պահանջելու նրան հրաժարվել պաշտոնից, քանի որ նա չի կարողացել հաղթահարել ճգնաժամը երկրում: Վարչապետն իր հերթին նշել է, որ շուտով լքելու է պաշտոնը, քանի որ անցել է ընդդիմադիրների բանակը և այժմ պայքարելու է վարչապետի պաշտոնի համար:
Ճգնաժամի և բնակչության անվստահության պատճառն այն է, որ այս տարվա մայիսին երկրում ճգնաժամը նորից սրվել է, իսկ կառավարությունը չի կատարել սահմանադրություն ստեղծելու իր խոստումը մինչև մայիսի 31-ը: Այս ժամկետը ավելի վաղ բազմիցս տեղափոխվել է:
Շատ նեպալցիներ հիասթափված են նրանով, որ կառավարությունը ընդդիմադիրների հետ շուրջ 10 տարի տևած պայքարից հետո չեն լուծում երկրի առանցքային խնդիրները: