16/06/2012 14:13
ID քարտեր. Հայկ Չոբանյանը մտահոգված չէ
Հունիսի 15-16-ին Երևանում ընթանում է ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են 59 կազմակերպություններ, որոնցից 38-ը տեղական և 21-ը` արտասահմանյան: Տեղական կազմակերպությունների շարքում էր «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ներկայացնում ենք կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի հարցազրույցը Aysor.am-ի հետ` էլեկտրոնային կառավարման և ID քարտերի վերաբերյալ:
-«Նորքը» էլեկտրոնային կառավարման համակարգեր է ներդնում, այժմ ի՞նչ փուլում եք:
-«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնն արդեն 11 տարի ինտենսիվ աշխատում է ՀՀ-ում պետական տեղեկատվական համակարգերի հիմնադրման ուղղությամբ, և այս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել` շուրջ 40 պետական խոշոր համակարգեր են ներդրվել, ծրագրեր իրականցվել. դա ոչ միայն համակարգերի ներդրում է, այլև կոնցեպցիաների, մոտեցումների մշակում, ներկայացրել ենք Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգի կոնցեպցիան, որը դասական կոնցեպցիա է: Համակարգերի ներդրումն իրականացրել ենք էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման տրամաբանությամբ:
Առաջին տարիներին ներդրել ենք հիմնական տեղեկատվական բազաները, մտածել դրանք օն-լայն կառավարելու մասին, սկսել ենք ներդնել ավելի ժամանակակից վեբ-համակարգեր:
- Սոցիալական ոլորտում միասնական տեղեկատվական ցանց եք ստեղծել, դա ի՞նչ առավելություն է տվել ոլորտին:
- Աշխատելով սոցիալական ապահովության ոլորտում` ապահովել ենք ոլորտի կազմակերպությունների` միասնական ցանցի մեջ լինելը, և այսօր ոլորտի բոլոր կազմակերպությունները` շուրջ 200, ինտերնետ կապի և համակարգերի միջոցով կապված են միմյանց: Ցանցին կապված են նաև հարակից համակարգեր, որոնք անհրաժեշտ են ոլորտի համակարգերի շահագործման համար. դա բնակչության ռեգիստրն է, իրավաբանական անձնաց, անշարժ գույքի, ավտոմեքենաների ռեգիստրները, կադաստրի համակարգը: Ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման կոմպոնենտը` տեղեկատվության փոխանակման ավտոմատ համակարգը:
Համակարգը հնարավորություն է տալիս Հանրապետության 16 տեղեկատվական համակարգերի փոխկապակցված լինել իրար հետ, համալրված լինել արդիական տեղեկատվությամբ: Մեկ աղբյուրից հնարավոր կլինի այս բոլոր բազաներից ստանալ տեղեկատվություն անձի, կամզակերպության վերաբերյալ, իսկ ծառայությունների մատուցման մասով ապահովում ենք տարբեր գերատեսչություններում տարբեր ծառայություններ մատուցելիս պահանջվող տեղեկանքների ծավալի էական կրճատում:
-Ոլորտի բոլո՞ր կազմակերպություններն են իրականացնում տեղեկատվության փոխանակություն:
-Սոցիալական ոլորտում կառավարման համակարգերի զարգացումը հասցրել ենք բարձր մակարդակի և կոչ ենք անում, որ կազմակերպությունները սրա ներքո կառուցեն ռազմավարությունները` քաղաքացիների ծառայությունների մատուցման մեխանիզմների զարգացման առումով, դա կնպաստի համակարգի արդյունավետությանը:
-Հունիսի մեկից «Նորքն» այլևս չի՞ տրամադրում սոցիալական քարտեր:
-«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնն այլևս սոցիալական քարտերի համար դիմումներ չի ընդունում, որովհետև հունիսի մեկից արդեն փոխվել է օրենսդրությունը և սոցիալական ապահովության քարտը` որպես անձի նույնականացման միջոց, փոխարինվել է հանրային ծառայությունների համարանիշով։
Հանրային ծառայության համարանիշ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի Ոստիկանության անձնագրերի և վիզաների տարածքային բաժին, որտեղից կարող է ստանալ կամ հանրային ծառայությունների համարանիշ հավաստող տեղեկանք, կամ ID քարտ, որի վրա կլինի նույն հանրային ծառայությունների համարանիշը:
-Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ID քարտը:
-Հանրային ծառայությունների համարանիշը նույն սոցիալական ապահովության քարտի համարն է, այսինքն` անձը եթե դիմի ստանալու` քաղաքացուն նոր համար չի տրվելու, եթե կա սոցիալական ապահովության քարտի համար, նույնականցման քարտի կամ հանրային ծառայությունները հավաստող տեղեկանքի վրա գրվելու է այդ նույն համարը: Այն քաղաքացիները, ովքեր ունեն գործող նմուշի անձնագրեր և իրենց անձնագրերը վավեր են մինչև որոշակի ժամանակահատված, այդքան ժամանակահտվածում ուժի մեջ են սոցիալական քարտերը, դրանք շրջանառությունից դուրս չեն եկել, ուղղակի տրամադրումն է ավարտվել:
Իսկ ովքեր խնդիրներ ունեն, կարող են դիմել ՕՎԻՐ-ի տարածքային բաժին և ստանալ հանրային ծառայությունների համարանիշ` տեղեկանքի վրա գրված:
-Արդյոք մտահոգություններ չկա՞ն ID քարտերի վերաբերյալ։
-Ես ինքս մտահոգված չեմ: Մենք ոչ միայն պետք է զարգացնենք մեր էլեկտրոնային ծառայությունները, այլև ներդնենք այնպիսի մեխանիզմներ, որ մարդիկ այդ ծառայություններից օգտվեն` կիրառելով իրենց ID քարտերը: Մարդկանց նույնականացումը համակարգերում կիրականացվի ID քարտերի միջոցով, որը հերթական փուլն է հանրապետությունում նույնականացման համակարգի ներդման ուղղությամբ: