18/06/2012 18:23
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր Փարիզում մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջև կայացած հանդիպմանը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
«Համանախագահները նախարարների հետ քննարկել են ԼՂ հակամարտության լուծմանը միտված առաջնթացի ուղիները, հումանիտար կապերի զարգացման, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմներին ու պատմամշակութային արժեքների պահպանմանն առնչվող հետագա աշխատանքները:
Համանախագահները կրկին իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծի երկայնքով արձանագրված վերջին միջադեպերի առնչությամբ` ընդգծելով 1994 թ-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:
Արտգործնախարարներն իրենց վճռականությունն են հայտնել շարունակել աշխատանքը համանախագահների հետ հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ իրականացման հարցում, ինչը կարող է բարելավել բանակցությունների մթնոլորտը:
Հանդպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Համանախագահները ծրագրում են գալիք շաբաթների ընթացքում այցելել տարաշածրջան»,- ասված է հայտարարությունում: