26/06/2012 09:52
Իսրայելի և ՌԴ նախագահները քննարկել են իրանական միջուկային ծրագիրը
Ռուսաստանի և Իսրայելի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Շիմոն Պերեսի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են իրանական միջուկային ծրագրին և հումանիտար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։
Ինչպես գրում է BBC-ն, Իսրայելի նախագահը նշել է, որ Իրանի ներկայիս ղեկավարությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ցանկանում է երկրի վրայից ջնջել Իսրայելը. «Մենք չենք կարող համակերպվել, որ միջուկային զենքը հայտնվի ռեժիմի ձեռքում, որը սպառնում է մեզ: Ես Ձեզ եմ դիմում հենց այս հարցով, որովհետև Ձեզ հայտնի է, թե որքան ճակատագրական պահ է դա մեզ համար»,- ասել է Շ. Պերեսը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ձայնն այս հարցում լսելի կլինի:
Հանդիպման ժամանակ երկուստեք նշվել է, որ իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում շատ լուրջ փոփոխության է ենթարկվում: Պուտինն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանի ազգային շահերից է բխում՝ Մերձավոր Արևելքում և Իսրայելում խաղաղության և հանգստության ապահովումը: