30/06/2012 13:24
Պետք է պահպանել հայկական ավանդույթները՝ եթերը մաքրելու կարիք կա
«Պետք է մաքրել հեռուստաեթերը, և անհրաժեշտ է պահպանել հայկական ավանդույթները. չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հեռուստաեթերի վիճակին և այն կարգավորելու խնդիրներին՝ ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի, հայերը, որպես քրիստոնյաներ, պետք է պահպանեն քրիստոնեկան արժեքները և հայկական ավանդապաշտությունը:
Հայագետ, ազգագրագետ, գրող Յուրի Սարգսյանն իր հերթին նշեց, որ բոլորը պետք է ունենան պատասխանտվություն անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ. «Հայկական հեռուստաալիքներում բացակայում է այդ պատասխանատվությունը, և անմակարդակ հեռուստահաղորդումները պետք է դադարեցվեն»:
Սարգսյանը նշեց, որ 20 տարի առաջ հնարավոր եղավ հետ բերել Ղարաբաղը և այդ ժամանակ բոլորս գիտեինք, թե ինչ ենք ուզում. «Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ ունեինք ոգի և գիտեինք, թե ինչի համար ենք կռվում»:
Գրողի կարծիքով, այժմ ամեն ինչ արվում է, որ հայերի մեջ կոտրվի այդ հոգեկան հարստությունը, միասնությունը և ազգային նկարագիրը, ինչը հայերի առավելությունն է հակառակորդի նկատմամբ, ինչի ականատես եղան բոլորը ղարաբաղյան պատերազմի տարիներին: