03/07/2012 15:03
Արմեն Աշոտյան. «Պատմության քննությունները միշտ էլ բարդ են եղել»
Պետական ավարտական և միասնական քննությունների առաջին փուլում ամենացածր արդյունքն արձանագրվեց «Հայ ժողովրդի պատմություն» առարկայից, որի միջին միավորը կազմեց 10։ Դիմորդների ու մասնագետների շրջանում խոսակցություններ շրջանառվեցին, որ այս առարկայի քննական թեստերը շատ բարդ էին, ինչի պատճառով էլ քննական արդյունքները ցածր եղան։
Aysor.am-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե՝ թեստերի բարդությո՞ւնը, թե՞ դիմորդների վատ պատրաստվածությունն էր պատճառը, որ «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի միավորներն ամենացածրն էին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Պատմության քննությունները միշտ էլ բարդ են եղել։ Հիշենք, որ թեստային քննությունը դժվար գործիք է հումանիտար առարկաներից քննություն հանձնելու համար։ Ես չեմ կարծում, որ Հայ ժողովրդի պատմության թեստերի հետ կապված լուրջ դժգոհություններ կարող են լինել։ Ես դժվարության հետ կապված ոչ մի ահազանգ չեմ տեսել։ Մենք դժգոհություն չենք ստացել»։