ARM   RUS   ENG

2012 թվականի 1-ին կիսամյակում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք

2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Երևանի բուժհաստատություններ են դիմել 23-ը, մարզային բուժհաստատություններ` 41-ը. Արմավիրի մարզ` 10, Արագածոտնի մարզ` 9, Վայոց ձորի մարզ` 6, Սյունիքի մարզ` 5, Կոտայքի մարզ` 4, Տավուշի մարզ` 4, Արարատի մարզ` 2, Լոռու մարզ` 1:

37 դեպքում ներարկվել է օձի հակաթույն, 27 դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է միջոցառումներ տեղերում շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը ապահովելու համար: Օձի խայթոցի յուրաքանչյուր դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, հրատապ տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության «թեժ գծի» հերթապահին, և վերցվում է հսկողության տակ:

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններն ապահովված են օձի հակաթույնով, բուժանձնակազմն ունի համապատասխան պատրասվածություն և ներուժ բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու համար:
 

05.07.2012, 17:32

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |