06/07/2012 17:45
Հուլիսի 9-ից կմեկնարկի «Ասպետ» ռազմամարզական ճամբարը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցների վաթսուն պատանի հուլիսի 9-ից սկսած Արցախի իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Ասպետ» ռազմամարզական ճամբարին: Այս մասին հայտնում են կրթահամալիրի տնօրինությունից:
Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի անտառում, Բալուջա գետի ափին գտնվող «Ասպետ» ճամբարին հայաստանցի պատանիները մասնակցում են առաջին անգամ: Այն հնարավոր է դարձել Արցախի կրթության նախարարի հրավերով, Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ և օրհնությամբ:
«Ասպետ»-ը կլինի հայաստանցի և արցախցի պատանիների` միասին ապրելու, կոփվելու, միմյանց լավ ճանաչելու, հայրենյաց պաշտպանի հմտություններ ձեռք բերելու գրավիչ ու արդյունավետ պատանեկան դպրոց: Ճամբարի նախապատրաստման փուլում ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ պատանի սեբաստացիները հուլիսի 5-ին նվաճել են Կոշի ամրոցը, իսկ հուլիսի 6-ին Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:
Երևանցի ճամբարականները մեկնում են «Ասպետ» հուլիսի 9-ին` առավոտյան ժամը 7-ին, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: