13/07/2012 11:58
ՀՀ-ն քաղաքացիական հասարակության ինդեքսով բարելավում է գրանցել
Այսօր Երևանում ներկայացվեց Քաղաքացիական հասարակությունների կայունության ինդեքսի 15-րդ հրատարակությունը. ինդեքսը հետևում է ՔՀԿ սեկտորի առաջընթացին 29 երկներում՝ վերջին 15 տարիների ընթացքում:
Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության համար ընդհանուր բարենպաստ միջավայրը՝ կենտրոնանալով իրավական դաշտի, կազմակերպչության կարողությունների զարգացման, ֆինանսական կենսունակության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների և հասարակական ընկալման վրա:
Յուրաքանչյուր չափանիշ գնահատվում է 7 նիշանոց սանդղակով, որտեղ 1-ինը շատ առաջադեմ մակարդակն է, իսկ 7-րդը՝ զարգացման ցածր մակարդակը:
2011թ.-ի ՔՀԿ ինդեքսով Հայաստանի ցուցանիշը 4,0 է, իրավական միջավայրը՝ 3,9, կազմակերպական կարողությունները՝ 3,9, ֆինանսական կայունությունը՝ 5,2, շահերի պաշտպանությունը՝ 3,4, ծառայությունների մատուցումը՝ 3,9, ենթակառուցվածքները՝ 3,5, իսկ հանրային ընկալման մակարդակը՝ 4,0:
Ըստ ՔԶՀՀ փոխտնօրեն Տաթևիկ Մարգարյանի, ՀՀ-ն քաղաքացիական հասարակության ինդեքսով բարելավում է գրանցել այս վերջին տարիների ընթացքում, և, ըստ այդ ցուցանիշների, լավագույն տեղերից մեկն է զբաղեցնում տարածաշրջանում:
Նա նշեց, որ 2011թ.-ի ՔՀԿ սեկտորի կայունության փոփոխությունները արտացոլեցին ողջ աշխարհում առկա համընդհանուր բացասական տնտեսական իրավիճակը:
ՀՀ Արդարադատության նախարարության տվյալներով, 2011թ.-ին ՀՀ-ում գրանցված էին 3749 հասարակական կազմակերպություններ, 750 հիմնադրամ և 301 իրավաբանական անձանց միություն:
ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման պատասխանատու Նիթ Սթոքսը իր հերթին ասաց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը հասկացավ, որ պետք էր ստեղծել պայմաններ` քաղաքացիական հասարակությունների զարգացման համար, ինչը շատ կարևոր գործոն է:
«ԱՄՆ ՄԶԳ-ն այդ նպատակով ստեղծեց տարբեր կազմակերպություններ, որոնք կոչված են նպաստելու տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը, իսկ այս ինդեքսով մենք չափում ենք քաղաքացիական հասարակության զարգացվածության մակարդակը ՀՀ-ում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, ՌԴ-ում, Ուկրաինայում», -ասաց Նիթ Սթոքս` հավելելով, որ եթե համեմատվեն այս տարվա ինդեքսները 15 տարվա ինդեքսների ցուցանիշների հետ, ՀՀ-ն 1,5 անգամ բարելավում է արձանագրել, և ՀՀ-ն ընդգրկվել է կայուն զարգացման երկրների սանդղակում: