01/08/2012 13:40
Ծայրահեղականների իշխանության գալով հայերի վիճակը կվատթարանա
«Եթե Սիրիայում ծայրահեղական ուժերը գան իշխանության, դա միանշանակ վատ կանդրադառնա բոլոր ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սիրիական ճգնաժամին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Սիրիայում տիրող իրավիճակը ուղղված է, առաջին հերթին Իրանի դեմ և Իրանը հնարավոր է կորցնի իր դաշնակցին Մերձավոր Արևելքում` ի դեմս Սիրիայի:
Ըստ նրա, Սիրիայում այս իրավիճակը կարող է երկար ձգվել և հարվածը Իրանին, որի մասին շատ է խոսվում, հնարավոր է հասցվի այն բանից հետո, երբ Սիրիայի հետ «հարցերը լուծեն»:
Արաբագետը նշեց, որ Սիրիայում որոշիչ կլինի միջին խավի դիրքորոշումը և եթե այդ զանգվածները ակտիվանան, ապա նրանք կարողեն փոխել սիրիական ճգնաժամի ելքը:
Նրա խոսքերով, Սիրիայում ամեն ինչ արվել է, որ ալևինները, որի ներկայացուցիչ է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ինտեգրվեն սիրիական հասարակությանը: Իսկ ալևինների առանձին պետության՝ Լաթաքիա մայրաքաղաքով ստեղծման հնարավորությունը բանախոսը քիչ հավանական է համարում:
Ըստ Գրիգորյանի, այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե Սիրիայում Ասադից հետո ով կգա իշխանության, քանի որ ընդդիմությունը բաղկացած է բազմաթիվ խմբերից և ուժերից: