ARM   RUS   ENG

Ս.Օհանյան.Պետք է խստացնել սահմանային միջադեպերի վերահսկողությունը

Միջազգային կառույցները պետք է ավելի խստացնեն հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի նկատմամբ վերահսկողությունը: Նման համոզմունք է հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նախարարի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համապատասխան կազմակերպությունները և միջազգային բոլոր կառույցները պետք է վերահսկողության տակ վերցնեն ընդհանուր տարածաշրջանային իրադարձությունները, և մանավանդ` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Նորություն չէ, որ խախտումները և սադրանքներն Ադրբեջանի կողմից են: Անընդունելի է, որ ադրբեջանական կողմը, հաշվի չառնելով այդ հզոր տերությունների կողմից իրականացվող վերահսկողությունը, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Վերահսկողությունը պետք է ավելի խստացվի, ստեղծվի փոխվստահության մթնոլորտ, որպեսզի ԼՂ համակարտության կարգավորման բանակցային գործընթացն ավելի առաջ ընթանա»,- նշեց Օհանյանը:

Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ Պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական կողմը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել այդ գործընթացին մասնակցելու համար: «Համանախագահները ներկայացրել են առաջարկություն` սահմանային միջադեպերի հետաքննության ուղղությամբ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար: Բայց այստեղ կան խնդիրներ, որոնցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի և սահմանային մոնիթորինգներ իրականացնող խմբի ֆինանսական հարցերն են: Անհրաժեշտ են նաև համապատասխան մասնագետ-փորձագետներ, ովքեր պետք է կարողանան տեղում արագ արձագանքել միջադեպերին: Մենք մեր պատրաստակամությունն այդ գործընթացի նկատմամբ հայտնել ենք»,- ավելացրեց նախարարը: 

Ադրբեջանական սահմանին մոտ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերն ու ՀՀ Տավուշի մարզի մի շարք գյուղերն առհասարակ ադրբեջանական կողմի մշտական նշանառության տակ են: Հատկապես վերջին մի քանի ամիսներին ավելի շատ են կրակոցները մարզի Ներքին Կարմրաղբյուր, Չինարի, Այգեպար, Մովսես, Դովեղ գյուղերում հայ դիրքապահների և անգամ` խաղաղ բնակչության ուղղությամբ: Հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումից հետո հայկական համայնքների ղեկավարները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներին ներկայացրել են իրենց համայնքներում տիրող իրավիճակը, խոսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և խաղաղ բնակչությանն ուղղված ադրբեջանական կրակահերթերի ու սադրանքների մասին:  

04.08.2012, 16:01

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |