20/09/2012 14:25
Հենրիկ Անասյան. «Արվեստագետը չպետք է տուրք տա ժողովրդի ճաշակին»
Սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի 75 ամյակին նվիրված «Ափ մը հող» վերնագրով հոբելյանական երեկոն:
Համերգը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հ.Անասյանը նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են իր գրեթե բոլոր ստեղծագործությունները:
«Հայաստանն ինձ համար նոր արարումների հիմնական աղբյուրն է, ես այստեղից եմ ուժ առնում, որ նոր ստեղծագործություններով ավելացնեմ մեր մշակութային ժառանգությունը: Ես այստեղ եմ գալիս վերանորոգվելու, ուժ ստանալու մեր հողից: Այդ օրը հնչելու են իմ գրեթե բոլոր ստեղծագործությունները, ներառյալ սիմֆոնիկ նվագախմբի հետ դուդուկի համար գրված կոնցերտի առաջին մասը, որի մենակատարն է Գևորգ Դաբաղյանը: Համերգին մասնակցելու են նաև Լոս Անջելեսի «Սիփան» երգչախմբի անդամները, իսկ որպես մենակատրներ ելույթ կունենան Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Աննա Մկրտչյանը, ես էլ երկու համարով պետք է որպես դիրիժոր ելույթ ունենամ»,-ասաց նա:
Հենրիկ Անասյանը ստեղծագործական գործունեության 55 տարիների ընթացքում ապրել է սփյուռքում, սակայն կապված է եղել հայրենիքի հետ, և այժմ մեր երկրի մշակութային կյանքում նա հետընթաց է նկատում:
«Հատկապես ժողովրդական և դասական երգի ներկայացման ասպարեզում առկա է հետընթաց: Մեր երկրում երգել ցանկացողները և աստղիկները չափազանց շատ են, նրանց թիվը պետք է նվազեցնել: Խորհրդային տարիներին մենք գեղարվեստական խորհուրդ ունեինք, որի միջոցով մարդիկ միայն կարող էին եթերում կամ մամուլում հայտնվել: Կարծում եմ, հիմա էլ նման պետական վերահսկողություն է պետք, որ ամեն մարդ միկրոֆոնի դիմաց չկանգնի: Արվեստագետը չպետք է տուրք տա ժողովրդին, նա պետք է ժողովրդի ճաշակը ձևավորվի»,- ասում է կոմպոզիտորը: