08/10/2012 10:46
Երվանդ Քոչարի թանգարանում կներկայացվի նորահայտ տարածանկար
Երվանդ Քոչարի թանգարանը «Բարձր արվեստ» պատկերասրահի տնօրինությունից ձեռք է բերել Քոչարի 1927 թվականին ստեղծած տարածանկարը ցուցադրելու բացառիկ թույլտվություն: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Կարինե Քոչարը:
Ցուցահանդեսի բացումը կկայանա հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին: Ցուցադրությունը բաց է ժամը 11.00–17.00-ը:
Քոչարի այս տարածական գլուխգործոցը շուրջ 70 տարի գտնվել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում:
Կ.Քոչարի խոսքով, նորահայտ տարածանկարը 2012թ. ապրիլի 5-8-ը Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող, միջազգային արտ բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «ArtMonaco-Expo»-ում արժանացել է «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին:
Նախորդ տարիներին այս պատվին են արժանացել Պիկասոյի, Մարգրիտի գործերը:Թանգարանում ցուցադրությունը կուղեկցվի մեկնաբանող հետևյալ տեսաֆիլմերով`«Առաջին մեղսագործություն», «Քոչարը և Տարածական նկարչությունը» տեսաֆիլմ, «Քոչարի տարածանկարները», «ArtMonaco-Expo»: Տեսաֆիլմերի ցուցադրությունը՝ ժամը 12.00-ին, 14.00-ին, 16 .00-ին: