19/12/2012 13:54
Դավիթ Գասպարյան. Իմ ու ԱՆահիտ Չարենցի միջև անձնական խնդիր չկա
Եղիշե Չարենցի 115-ամյակի առթիվ այս տարի լույս է տեսել Ե. Չարենցի եռահատոր «Ընտիր երկերը»: Գրքերը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գրքի երրորդ հատորում ներառված են Չարենցի միայն անտիպ գործերը: Եռահատորից բացի այս տարի լույս է տեսել նաև Չարենցի «Գիրք մնացորդացը», որում ներկայացված են Ե. Չարենցի միայն անտիպ գործերը:
«Այն գիտական հրատարակություն է, ինչը նշանակում է, որ ամեն տող գիտական մեկնաբանությամբ և նախապատմությամբ է ներկայացված»,-ասաց գրականագետը:
Նշենք, որ այս տարի «Գիրք մնացորդացը», որտեղ ներկայացված են Ե. Չարենցի անտիպ գործերը, պետության կողմից կալանքի տակ էր առնվել Չարենցի դստեր` Անահիտ Չարենցի պահանջով:
Դ.Գասպարյանի խոսքով, պետությունը գրքի տպագրմանը երբեք չի միջամտել, ամեն ինչում մեղավոր է Չարենցի աղջիկը: «Դա իմ ու Ա. Չարենցի անձնական խնդիր չէ: Նրա դժգոհությունն այն էր, որ տպագրվել են ավելի բաց տեսարաններ ներկայացնող անտիպ գործեր: Կարծում եմ, այն, ինչ-որ մեկուսացված է, վաղ թե ուշ ևս կհանվի վաճառքի, քանի որ բոլոր մեծ գրողների անտիպ գործերը պետք է տպագրվեն: Ասում են, որ դեռ շուտ է, սակայն էլ ե՞րբ պետք է հասունանանք, կամ գա դրա ժամանակը: Այդ ժամանակը գալիս է առաջ քայլով, գործով: Ե. Չարենցը` մահվան օղակը վզին, հարցաքննությունների մեջ, գրում էր սիրո, քաղաքականության, իր գրական շրջապատի մարդկանց մասին: Դրանք բոլորը եթե տպագրվեին, մի քանի հատոր կկազմեր: Չարենցը ասել է` պահպանել, ամեն գնով, անգամ իրեն վնասելու գնով այս գործերը չկորցնել, իսկ գրողի գործերը պահպանելը, փրկելը դրանք տպագրելն է, գոնե գիտական հրատարակությամբ»,-ասում է Դ.Գասպարյանը:
Նրա խոսքով, այս ծրագիրը շարունակական է լինելու, և առաջիկայում Չարենցի նոր գործեր են տպագրվելու:
Դ. Գասպարյանի խոսքով, չարենցյան տարվա ընթացքում որևէ լուրջ բան գրեթե չի արվել.«Մինչև այժմ Ե. Չարենցի բազմաթիվ գործեր դեռևս անհատների ձեռքում են, մի հատորին տիրապետում է անգլիացի Ջեյմս Ռասելը, ով որոշ գործեր հրապարակում է բազմաթիվ սխալներով և միտումնավոր մեկնաբանությամբ»:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով, առաջիկայում իրենք հրատարակելու են Ե. Չարենցի նամականին և քննադատական հոդվածների ընտրանին, ինչպես նաև Գուրգեն Մահարու «Ընտիրը», իսկ այս եռահատորը լույս է տեսնելու նաև նվերի համար փաթեթավորման տարբերակով: