28/12/2012 13:26
Գառզու. Գծանկարչության անգերազանցելի վարպետը (Տեսանյութ)
Ֆրանսահայ նկարիչ Գառնիկ Զուլումյանը` Գառզուն ծնվել է 1907թ.-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1918-ին ընտանիքով տեղափոխվել է Կահիրե, սովորել տեղի Գալուստյան վարժարանում և ֆրանսիական լիցեյում: 1924-ին մեկնել է Փարիզ. ավարտել ճարտարապետական դպրոցը, հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»:
1929-ին ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում Գառզուի «Ալքազարի հին պարտեզները» կտավը արժանացել է առաջին մրցանակի: 1930-ից մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների Անի միության ցուցահանդեսներին: 1930-ին ցուցադրվել է «Գերանկախների» սալոնում:
1939-ին կազմակերպել է իր անդրանիկ անհատական ցուցահանդեսը: Երեք անգամ` 1943, 1951, 1953-ին արժանացել է Հալմարկի մրցանակին: 1950-ական թթ. նրա արվեստը լայն հռչակ է ձեռք բերել: Հանրահայտ են «Վենետիկյան, 1953թ.», «Ապոկալիպսիս, 1957թ.» և «Երկրային դրախտ, 1959թ.» նկարաշարերը: Պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգիոն» շքանշանով:
1966-ին առաջին անգամ եղել է Երևանում, կազմակերպել շուրջ 150 գունավոր վիմագրությունների և գրքերի ձևավորումների ցուցահանդես, որն ամբողջությամբ նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին:
1986-ին Վանսում (Ֆրանսիա) բացվել է Գառզուի թանգարանը:
Գառզուի անունով է կոչվել Չարենցավանի մանկական գեղեցիկ արվեստների դպրոցը (1995):
Գառզուն ՀԱՊ-ին և ԺԱԹ-ին է նվիրել 400 գործ, Սպիտակի երկրաշարժից (1988) տուժած արվեստագետներին իբրև օգնություն՝ 50 գրաֆիկական գործեր:
Հանրահայտ նկարիչը վախճանվել է 2000թ.-ին Փարիզում: