11/01/2013 11:40
Հայերը ամերիկյան բանակում. ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյան
Էռնեստ (Երվանդ) Հերբերտ Դերվիշյանը` ամերիկյան բանակի հայազգի սպա, 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թ.-ին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով։
Դերվիշյանը ծնվել է 1916 թ.-ին ԱՄՆ Ռիչմոնդ քաղաքում։ Ստացել է Երվանդ անունը։ 1933 թվականին ավարտել է Ջոն Մարշալի անվան միջնակարգ դպրոցը։
1937 թ.-ին հանձնելով Վիրջինիա նահանգի քննությունները ստանում է իրավագիտության բակալավրի աստիճան։ 1941 թ.-ի սեպտեմբերին իր ծննդավայրից մեկնում է բանակ և որպես շարքային ծառայության անցնում։ Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայում։
1944 թ.-ին, Իտալիայում ֆաշիստների դեմ մարտերին մասնակցելիս, հետևակային 34-րդ դիվիզիայի տեխնիկական սերժանտ էր։
1944 թ.-ի մայիսի 23-ին Սիստեռնայի մոտ ամերիկյան ջոկատն ընկնում է շրջապատման մեջ։ Ամբողջ ջոկատից ողջ է մնում միայն Դերվիշյանը։ Անընդհատ դիրքը փոխելով և հրաձգություն վարելով նա փորձում է տպավորություն ստեղծել, թե ջոկատը մարտունակ է։
Երբ զինամթերքը սպառվում է, միայն ատրճանակով զինված Դերվիշյանը անցնում է թշնամու դիրքերը, խլում մեկ գնդացիր և անակնկալի բերում հակառակորդի ջոկատին։ Արդյունքում՝ մեն-մենակ գերևարում է թշնամու 45 զինվորի, խլում երեք գնդացիր և 10 ատրճանակ։
Պատերազմի ավարտից հետո էլ Էռնեստ Դերվիշյանը շարունակեց իր ծառայությունը Եվրոպական և խաղաղօվկիանոսյան տարբեր շրջաններում: Զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով:
Բացի Կոնգրեսի պատվո շքանշանից, Դերվիշյանը պարգևատրվել է մի շարք երկրների շքանշաններով՝ լեհական վտարանդի կառավարության կողմից` Պատվո մեդալով, Բրոնզե աստղով և իտալական հրամանատարության կողմից՝ Արծաթե խաչով, ռազմական արիության խաչով և այլն:
Զորացրվելով` Դերվիշյանը զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ՝ եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական պետական կարևոր հարցերով խորհրդական:
ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյանը մահացել է 1984 թ.-ին և թաղված է ծննդավայրի Վեստհեմփթն հիշատակի պուրակում: