28/02/2013 13:22
Փաշաբեզյան. Սիրիահայության անվտանգությունը համազգային խնդիր է
Սիրիահայության անվտանգության ապահովման խնդիրներին պետք է համազգային, համապետական նշանակություն տանք: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը՝ անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին ու սիրիահայության անվտանգությանը:
«Մենք ունենք շատ լուրջ խնդիր միջին արևելքում, որոնք միտում ունեն տարածվելու բացի Սիրիայից նաև հարևան երկրներում, սա նշանակում է, որ դիմակայելու համար պետք է ունենանք ծրագրեր, վճռականություն: Պետք է համապետական լուծումներ առաջարկել ու անմիջապես աշխատանքի անցնել, չի կարելի այս հարցը թողնել ՀԿ-ների, կամ բարեգործական ֆոնդերի վրա»,-ասաց Տիգրան Փաշաբեզյանը:
Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը հավելեց, որ դեպքեր են եղել, երբ ավտոբուսից հային իջեցրել են ու երբ տեսել են, որ խաչ ունի կրակել են այդ խաչի վրա:
Աբրահամյանը նշեց, որ երբ սիրիահայերը գալիս են Հայաստան, ճիշտ է նրանց կարիքների համար աշխատանքներ են տարվում, բայց այդ օգնությունը չի համապատասխանում այն կյանքին, որով նրանք ապրել են Սիրիայում: Արմեն Աբրահամյանը հույս հայտնեց, որ շուտով սիրիահայերը կկարողանան վերադառնալ Սիրիա:
«Կոչ եմ անում, որ Սիրիայի հայությունը շուտով վերադառնա Սիրիա»,-ասաց Արմեն Աբրահամյանը: