28/02/2013 13:26
Ճապոնիայի գեղասահորդները կնախապատրաստվեն Երևանում
Հայաստանի մարզասերները, հավանաբար, հետայսու կկարողանան հաճախակի տեսնել, նույնիսկ ականատես լինել Ճապոնիայի ուժեղագույն գեղասահորդների մարզումներին:
Այս մասին պարզ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, որտեղ հյուրընկալվեցին Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հեդեիտո Իտոն և այդ կազմակերպության մենեջեր Տացուրո Մացումուրան: Նրանց Հայաստան էր ուղեկցել մեր անվանի նախկին մարզիչներից մեկը` Արարատ Զաքարյանը, ով այժմ բնակվում և աշխատում է Մոսկվայում:
Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդում , ծաղկեպսակ դրել Եղեռնի զոհերի հուշահամալիրում, ապա այցելել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, մանրամասն ուսումնասիրել սահադաշտը և մեծ տպավորություն ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը և, մանավանդ, «արագ սառույցը»:
Առաջիկայում Ճապոնիան մարզաձևի մեծ պատվիրակություն կուղարկի Հայաստան: Գեղասահորդներից բացի, մեզանում կհյուընկալվեն նաև մարզական գիտաբժշկական խմբեր և լրագրողներ: Նրանց կարծիքով` Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են` Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն, որ ընդամենը 1-1, 5 ժամում Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք:
ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ, գիտությունների թեկնածու Գաբրիել Ղազարյանը հյուրերին հավաստիացրեց, որ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը կաջակցի և կնպաստի Ճապոնիայի մարզիկների պարապմունքները լավագույն ձևով կազմակերպելուն: Ինչ խոսք, ճապոնացի հեղինակավոր մարզիկ-մարզուհիների հետ կպարապեն նաև Հայաստանի առաջատար և հեռանկարային գեղասահորդները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: