06/03/2013 15:12
Հայաստանում կատարում են աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունը
Այսօր Հայաստանում գործում է 5 հիվանդանոց, որոնք զբաղվում են սիրտ-անոթային հիվանդությունների բուժմամբ, կատարվում են սրտի վիրահատություններ, ինչը սխալ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը:
«Հարկավոր է ունենալ 2 կլինիկա, որոնք լինեն շատ լավ հագեցած բժշկական տեխնիկայով, իսկ բժիշկները կլինեն պրոֆեսիոնալ»,-ասաց Շ. Խաչատրյանը:
Նրա խոսքով` սրտի վիրահատությունները հարուստ երկրներում կատարվում են 25-30 հազար դոլարով, իսկ Հայաստանում կատարում են աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունները` 6-8 հազար դոլարի սահմաններում, և տարեկան 3000 մարդ սրտի հետ կապված վիրահատական միջամտության կարիք է ունենում:
Շ. Խաչատրյանի խոսքով` սիրտ-անոթային հիվանդությունները բազմաթիվ են` բարձր զարկերակային ճնշում, սրտամկանի ինֆարկտ, ուղեղային ինսուլտ և այլն, սակայն ամենամահաբերը սրտամկանի ինֆարկտն է, որի դեմ բոլոր երկրներում պետությունը անմիջական մասնակցություն է ունենում նման հիվանդների բուժման գործընթացին, սակայն մեզ մոտ չկա պետական աջակցություն: