21/03/2013 12:00
Թուրք-մեսխեթցիների վերադարձի լոբբինգն իրականացում են Թուրքիան և Ադրբեջանը
«Բիձինա Իվանիշվիլիի օրոք ջավախահայերը դարձել են Վրաստանի լիիրավ քաղաքացիներ: Պետք է շարունակել լուծել ջավախահայությանը հուզող սոցիալ-տնտեսական, լեզվական և այլ խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ջավախահայության խնդիրներին և թուրք-մեսխեթցիների` Ջավախք վերադառնալու թեմային` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նա նշեց, որ Ջավախքում սեպարատիզմ, անջատողականություն գոյություն չունի, ուղղակի ջավախահայերը ցանկանում են տեսնել իրենց առջև ծառացած խնդիրների լուծումը:
Անդրադառնալով թուրք-մեսխեթցիների վերադարձի թեմային Թորոսյանը նշեց, որ թուրք-մեսխեթցիները 1944 թ.-ին հեռացվել են Մեսխեթից, այլ ոչ թե կոնկրետ Ջավախքից, իսկ Ջավախքում եղել է ընդամենը մի քանի մահմեդական գյուղ:
Բանախոսն ասաց, որ թուրք-մեսխեթցիների վերադարձի ամենաակտիվ լոբբինգն իրականացնում են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ վերադարձման պարտավորությունները Վրաստանը ստիպված է եղել ստանձնել, քանի որ Թբիլիսիի շահերից չի բխում թուրք-մեսխեթցիների բնակեցումը Թուրքիայի հետ սահմանին:
Թորոսյանը հավելեց, որ թուրք-մեսխեթցիների վերադարձը նպատակ ունի վերափոխել Ջավախքի էթնիկ-կրոնական, ազգային դեմքը` ի վնաս հայերի. սա փորձ է թուլացնել հայկական գործոնը տարածաշրջանում: