29/04/2013 12:46
«Գարեգին Նժդեհը» ցուցադրվեց Տաթևի վանքում
Օրերս «Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթևի վանքի տարածքում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:
«Տաթևյան պրեմիերան» միջոցառումների շարք է, որն իրականացվում է «Տաթև» հիմնադրամի և «ՏաԹևեր» ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթևի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթև, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար:
«Տաթևյան պրեմիերայի» շրջանակներում վանական համալիրի և «Տաթևի դարպասներ» տուրիստական գոտու շրջակայքում նախատեսվում է ցուցադրել Հայաստանում հայազգի կինոմատոգրաֆիստների գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը: Հատուկ ծրագիր է նախատեսված Տաթևի շուրջ գտնվող գյուղերի պատանի բնակիչների համար:
«Պանարմենիան Մեդիա Գրուպի» նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը «Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում իրականացվող փորձնական կինոդիտումն էր:
Տաթևում կայացած միջոցառմանը ելույթ ունեցան Հալիձորի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գարեգին Հովակիմյանը, ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյան, երգի և պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը:
«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել ֆիլմն այստեղ, հենց այս պատմական օրը: Փորձել եմ առավելագույն կերպով տրվել դերիս ու մեծ պատասխանատվությամբ եմ կերտել մեծ հայի կերպարը: Անկեղծ եմ եղել ու զերծ մնացել պայմանականություններից», - ասել է Շանթ Հովհաննիսյանը:
Միջոցառումը ուներ նաև չնախատեսված հյուր` աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը: