19/06/2013 10:12
Ա. Թունյան. ՎՊ-ի մեղադրանքներն այնքան անհիմն են, որ չեն կարող ընդունվել
«Դատաիրավական ԾԻԳ-ն» արդեն երրորդ անգամ է հայտնվում ՎՊ ստուգումների դաշտում, որոնց ընթացքում ԾԻԳ տնօրեն Արթուր Թունյանը պահանջել է իրենց տրամադրել հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՎՊ արձանագրությունները, նաև պարզաբանումներ այն եզրահանգումների կապակցությամբ, որոնք ՎՊ-ն արել է ԾԻԳ-ի ստուգման արդյունքում:
«Հրապարակին» տված հարցազրույցում, անդրադառնալով ՎՊ եզրահանգումներին, Ա. Թունյանն ասել է. «Ակնհայտ է, որ հարցը քաղաքականացված է, որ բարձր ամբիոնն օգտագործվում է չարաշահելու համար վստահությունը, պոպուլիզմի երևույթներ կան Պալատի գործունեության մեջ: Մեղադրանքներն այնքան անհիմն են և անհեթեթ, որ ուղղակի չեն կարող ընդունվել: Իրավական և գործողությունների կատարման ընթացքում մենք առաջնորդվել ենք զուտ օրենքներով և ընթացակարգերով, իսկ իրենք` իրենց սահմանափակ մտածելակերպով, քմահաճույքներով»:
Անդրադառնալով հարցին` կարծում եք դիտավորյա՞լ են հենց Ձեր ԾԻԳ-ի աշխատանքները ստուգում, Ա. Թունյանը նշել է. «Կարծում եմ, որ այստեղ սուբյեկտիվիզմ կա: … Ֆորմալ տեսանկյունից խախտում է կատարվել, քանի որ չկա ՎՊ ստուգումների արձանագրություն: Հունվարին մեզ տրամադրել են մի տեղեկանք, արձանագրության փոխարեն, որում ինչ-որ կարծիքներ են եղել: Ի պատասխան, մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը և առարկությունը: Հաշվետվությունը ՎՊ խորհուրդն ընդունել է մարտի վերջին: Մեզ ոչ մի քննարկումների չեն կանչել: Հաջորդ քայլը եղել է այն, որ այս նյութն ուղարկվել է դատախազություն: Չկա որևէ դրվագ, որ մեզ համար ընդունելի լինի: Չկա հավելագրման դեպք, որ իրականությանը համապատասխանի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: