27/06/2013 13:42
Բորդյուժան` Ալիևի հայտարարության մասին. Ոմանք մոռացել են 90-ականները
Պետք է ևս մեկ անգամ կրկնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, միայն բանակցությունների արդյունքում հաստատված կոնսենսուսը կարող է լուծել այս բարդ ու երկար ձգվող հակամարտությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով նախօրեին Ադրբեջանում անցկացված զորահանդեսին ու դրա ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի ելույթին.
«Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Կովկասում և այլ ինչ տեղի է ունենում հիմա, ապացուցում են, որ այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողություններ սկսելը: Հեշտ է առաջինը կայացնել զենք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը, բայց չափազանց բարդ է այդ ամենը հետո խաղաղեցնել: Ցավոք, 90-ականներին մենք, այդ թվում` ես, զգացինք դա»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ քարտողարը հիշեց, որ հետխորհրդային երկրների մի շարք կետերում եղան զինված բախումներ, որոնք բազամթիվ զոհերի պատճառ դարձան:
«Կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ այսօր մոռացել են այդ տխուր փորձը: Նրանց պետք է մի փոքր հիշել, թե ինչ է եղել 90-ականներին ու սառեցնել կրքերը: Էլի եմ ասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար` միայն խաղաղ ճանապարհ»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նիկոլայ Բորդյուժան հրաժարվեց ներկայացնել իր վերաբերմունքը բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավվման հետ կապված: Բորդյուժան ընդգծեց` բանակցային գործընթացին կարող է միջամտել միայն մեկ կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Բնականաբար, ՀԱՊԿ-ը տիրապետում է բանակցային գործընթացին ու տեղյակ է` ինչ է տեղի ունենում: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ես դեմ եմ, որ որևէ մեկը, ով էլ դա լինի` թեկուզ հենց ՀԱՊԿ-ը, միջամտի այսօր տեղի ունեցող գործընթացին»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: