03/07/2013 10:35
Հերոսապատում. Ես զինվորն եմ իմ երկրի. Դուշման Վարդան
Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի
Դուշման Վարդան
21-տարի առաջ այս օրը մարտական առաջադրանք կատարելիս ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում զոհվեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանը` Վարդան Ստեփանյանը:
Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1983թ. ավարտելով դպրոցը Վարդանն աշխատանքի է անցնում բրդե գործվածքների գործարանում, իսկ արդեն մեկ տար անց` 1984 թ.-ին, կամավոր ծառայության է մեկնում Աֆղանստան: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին.
«Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ:
Արցախյան պատերազմի առաջին տարիներից Դուշման Վարդանը մեկնում է ռազմաճակատ: Արցախում զենքի պակաս կար և 1989 թ. նա հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որը հետո ուղարկվում է Շուշիի Բերդձոր գյուղ: Այնուհետև ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները:
«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը` լավ թե վատ, կախված է հրամանատարից»:
Դուշմանը մարտական գործողությունների է մասնակցում բազմաթիվ ճակատներում: Աչքի է ընկնում այնպիսի կարևոր օպերացիաներում, ինչպիսիք էին Ստեփանակերտի մատույցներում գտնվող Կրկժանի, Տող գյուղի ու Լաչինի ազատագրումները:
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»,- ասում էր Դուշման Վարդանը:
1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում Դուշմանը զոհվում է ականի պայթյունից:
«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ...»