31/07/2013 13:46
Հոգևոր բլոգ. Մայր Թերեզա. Ձգվեք դեպի մարդիկ
Իրականում մյուսներից մեզ մեկուսացնում է մեր սեփական վարքը: Մենք չգիտենք բացվել ուրիշների առաջ, չգիտենք սիրել, չենք կարողանում մյուսներին մի քանի ոգեշնչող ու ամոքիչ խոսքեր ասել: Մենք չենք կարողանում տալ, բայց միշտ սպասում ենք, որ ուրիշները մեզ մի բան տան: Իսկ այդ ուրիշները հաճախ լինում են զբաղված. նրանք էլ իրենց գործերն ու հոգսերն ունեն…
Հաճախ ստիպված ես լսել բողոքներ. «Ոչ ոք չի գալիս ինձ տեսնելու, ոչ ոք ինձ չի սիրում, ոչ ոք ինձանով չի հետաքրքրվում»: Բայց ինչո՞ւ միշտ ուրիշները պետք է հետաքրքրվեն ձեզանով, սիրեն ձեզ, այն դեպքում, երբ ինքներդ ոչինչ չեք ձեռնարկում:
Եթե դուք տառապում եք միայնությունից, պասիվ մի՛ եղեք: Այն բանի փոխարեն, որ նստեք մի անկյունում` զբաղվելով ինքներդ ձեզ ուտելով և սպասելով ուրիշների ուշադրությանը, արե՛ք առաջին քայլը, ձգվե՛ք դեպի մարդիկ: Ոչ մի պատճառ չկա միայնակ զգալու, երբ աշխարհում կա սեր և լույս:
Մոռացե՛ք ձեր մասին, թեկուզ մի փոքր ժամանակով, ու ինչ-որ բան արեք ուրիշների համար: Հաճախ մեր միայնության մեջ մեղավոր է մեր ստացած դաստիարակությունը: Ծնողները հաճախ են ասում իրենց երեխաներին. «Այդքան հիմար մի՛ եղիր, ընդառաջ գնալու առաջին քայլը մի՛ արա, թող ուրիշները ձգվեն դեպի քեզ»: Իհարկե, ուրիշները կգան ձեր մոտ, եթե դուք նրանց օգտակար լինեք: Եթե դուք հացթուխ եք, ձեր մոտ կգան հացի ետևից: Պետք է ի վիճակի լինել տալ մի բան, որպեսզի գան ձեր մոտ: Եթե դուք ոչինչ չունեք տալու մարդկանց, դուք չեք գրավի նրանց և կմնաք միայնության մեջ:
Եվ պետք չէ մեղադրել ուրիշներին, որ նրանք չեն գալիս գալիս ձեր մոտ: Դարձե՛ք պիտանի, և նրանք կգան: Նայեք փթթած վարդին: Այն հոտավետ է, բոլորը ձգվում են դեպի այն. և՛ մեղուները, և՛ թիթեռները, բոլորն ուզում են շնչել նրա բույրը: Եվ դա նրա համար, որ այն բացվել է: Իսկ ինչո՞ւ եք դուք մնում փակ և չեք բուրում: