09/09/2013 15:58
Սաքունց. Մեզ տեղափոխել են վենդետայի դաշտ, որը միակ օրիանական դաշտն է ՀՀ-ում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված դեպքերի վերաբերյալ ասեց, որ այս ամենի համար պետք է արդեն պատասխանատվության ենթարկվի ոչ թե Ս. Խաչատրյանը, այլ նրան չմեղադրողները:
«Ինձ հետաքրքրում է` ինչո՞ւ մինչև հիմա որևէ մեկը չի բացատրում, թե ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության ուշացումը, ինչպես է եղել, որ մարզպետարանի աշխատակիցները ավելի շուտ են ժամանել: Եվ այդ 2 ժամվա ընթացքում իրավիճակի փոփոխության հավանականությանը ևս գնահատական չի տրվել իրավապահ մարմինների կողմից և նրանց անգործության ֆոնի վրա նման կարծիք հայտնելը հանցագործություն է, որի համար պատասխան պետք է տա զինդատախազը»,- ասաց նա:
Ա. Սաքունցի խոսքով` այս քրեկան գործերի կարճումը կատարվել է զինդատախազի հովանավորությամբ. «Այն մթնոլորտը, որ Լիսկայի բռնապետության օրոք կար Սյունիքում և մասնավորապես` Գորիսում, և հույս կար, որ այդ զոհի միջոցով հնարավոր է վերականգնել արդարադատությունը, հիմա պետությունը, հանձին զինդատախազի, ասաց ոչ, դուք շարունակելու եք մնալ ահաբեկման մեջ: Խաչատրյանների ընտանիքի ձեռքերը բաց եղավ և նրանք կշարունակեն հաշվեհարդարը: Եվ հետագա հաշվեհարդարների և զոհերի պատասխանատվությունը կրելու է Հայաստանի Հանրապետությունը: Մենք գործ ունենք գործողությունների բացակայության հետ, կա սպանությունը հովանավորելու, խրախուսելու մոտեցում: Սա է իմ գնահատականը և պետք է ասեմ, որ դա ՀՀ քաղաքացիներին զրկում են իրավական դաշտում գործելու հնարավորությունից և տեղափոխում վենդետայի դաշտ: Այժմ որևէ մեկը իրավունք չունի պահանջելու մեզ օրինական գործել, որովհետև մեզ տեղափոխել են վենդետայի դաշտ, որը միակ օրիանական և հնարավոր դաշտն է Հայաստանում: Ցավոք սրտի, սա ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ բռնապետություն չի, որովհետև անգամ Սովետում ֆորմալ դատ էին անում, սա նույնիսկ չեն ուզում դատարան հասցնել: Օրը ցերեկով կատարված հանցագործությունը չպետք է մնա անպատիժ, և այստեղ Լիսկային պետք չէ մեղադրել, այլ նրան չմեղադրողին մեղադրել»,- ասաց Ա. Սաքունցը:
Հիշեցնենք, որ որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը։
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնից հայտնել են, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Վերոգրյալը հիմք ընդունելով՝ 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նախորդող հրապարակում` «Ս. Խաչատրյանի կողմը «պաշտպանվելու համար» կրակել է 11, Բուդաղյանը` 2 անգամ»
«Ս. Խաչատրյանի կողմը «պաշտպանվելու համար» կրակել է 11, Բուդաղյանը` 2 անգամ»