23/09/2013 19:09
«Վիքին սիրում է հուշարձաններ»․ Հայաստանը 6-րդն է 53 երկրների շարքում
«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում 22 օրվա ընթացքում ավելի քան 170.000 լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ Դրանցից ավելի քան 10.000-ը հայկական հուշարձանների լուսանկարներ են․ այս ցուցանիշով Հայաստանը ներկա պահին 6-֊րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում։ Մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ ավելի քան 27.000 լուսանկարով, երկրորդ տեղում է Գերմանիան` 22.000 լուսանկարով։
Մրցույթը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս միջոցառումների մասնակիցները փոքր խմբերով շրջում են իրենց քաղաքում, լուսանկարում պատմաճարտարապետական հուշարձաններ, ապա դրանք միասին բեռնում Վիքիպահեստ։ Հայաստանյան վերջին ֆոտոզբոսանքը տեղի է ունենալու սեպտեմբերի 29֊-ին՝ Գյումրիում։
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, որից հետո մասնակից յուրաքանչյուր երկրում տեղական ժյուրին ընտրելու է այդ երկրի հաղթողներին, իսկ միջազգային ժյուրին այդ հաղթողների միջից ընտրելու է միջազգային հաղթողներին։
Մրցույթի հայաստանյան մրցանակային ֆոնդը կազմում է 1,7 մլն դրամ, իսկ միջազգային փուլի հաղթողը կկատարի ուղևորություն Լոնդոն՝ «Վիքիմանիա» կոնֆերանսին մասնակցելու համար։ «Վիքին սիրում է հուշարձանները» Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ Այն ամեն տարի անց է կացվում սեպտեմբերի 1-30-֊ը։ Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում է առաջին անգամ։ «Վիքին սիրում է հուշարձանների» հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-֊ն։
Նախորդող հրապարակումներ`Հայաստանը միանում է «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» մրցույթին