02/10/2013 21:53
ԵԽԽՎ նիստերի դահլիճի առաստաղը` նվեր Հայաստանի կողմից
Այսօր Եվրոպայի խորհրդում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի մասնակցությամբ տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճի վերին ճակատային հատվածի ապակենախշ ձևավորմամբ պատուհանների պաշտոնական բացումը։ Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին ու անձանց, ովքեր հնարավոր դարձրին ապակեպատկերի տեղադրումը:
«Մոտ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ՝ մաս կազմելով եվրոպական մեծ ընտանիքի: Ինչպես 800 մլն եվրոպացիների համար, ժողովրդավարության այս տաճարը դարձավ նաև մեր՝ հայերիս տունը:
2001թ. Հայաստանը 10 տարեկան էր, հիմա արդեն՝ 22: Ավելի քան մեկ տասնամյակ այս ընտանիքում «մեծանալով», Հայաստանն ստեղծել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ամուր հիմքեր ու կառուցակարգեր:
Հարգելի բարեկամներ,
Հայաստանի կողմից նվիրաբերված այս ապակեպատկերն ընդունեք իբրև համեստ ներդրում մեր ընդհանուր տան կառուցմանը: Եվրոպայի խորհրդում համախմբված ժողովուրդները տարբեր են իրենց պատմությամբ ու անցյալով, սակայն միավորված են միասնական համամարդկային արժեքների շուրջ: Նրանք հատիկ առ հատիկ կեր6*տել են այդ արժեքները՝ հարթելով դեպի միասնական ապագայի տեսլականը տանող ուղին: Ապակեպատկեր 9հեղինակային այս աշխատանքը խորհրդանշում է մեր հավաքական ուժը՝ իր միասնականության ու ներդաշնակ բազմազանության մեջ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության նվերի հանձնման արարողության ժամանակ:
ՀՀ Նախագահը ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնեց ապակենախշ պատուհանների ցուցանակի կրկնօրինակը։
ԵԽ գլխավոր քարտուղարի շնորհակալական խոսքից հետո դաշնամուրի կատարմամբ հնչեց Եվրոպայի օրհներգը։
Ստրասբուրգում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արև Պետրոսյանը, ներկայացնելով հեղինակային աշխատանքը, ասաց․
«Աշխատանքի հիմքում դրված է իմ պատկերացումը Եվրոպայի խորհրդի հիմնական և կարևորագույն արժեքների մասին: Մի հզոր ուժ, որը ոլորապտույտի պես անսասան գաղափարի շուրջն է հավաքում մարդ էակին, իր առանձահատկություններով՝ կարևորելով և հարգելով նաև ազգային, կրոնական, ռասսայական, պատմական բազմազանությունները: Ուժ, որը ծնվում է միասնության շնորհիվ: Ուժ, որի հիմքում տեսնում եմ երեք կարևորագուն համամարդկային արժեքների միաձուլում, այն է` Սեր. Ազատություն. Գիտակցություն»։
«Սեր»` բացարձակ ճշմարտություն` զգացում, առանց որի անհնար է պատկերացնել կյանքը, հարաբերությունը, ծնունդը, բնությունը, աշհարհը, մարդկությունը և անսահման տիեզերքը…
«Ազատություն»` հիմնարար իրավունք մարդկության, բնության ընտրության, հոգու, գոյության, կյանքի, ստեղծագործելու…
«Գիտակցություն»` իմաստավորված ամբողջություն՝ ինտելեկտուալ մտածողության, ըմբռնման, երևակայության, ինքնագիտակցության, փոխըմբռնման, բանականության…
Նշենք, որ ԵԽԽՎ նիստերի դահլիճի վերին ճակատային հատվածի զարդարման համար դեռևս անցյալ տարի Եվրոպայի խորհրդի կողմից հայտարարվել էր մրցույթ։ Եվ ահա տարբեր երկրների կողմից ներկայացված աշխատանքներից Եվրոպայի խորհրդի որոշմամբ ընտրվեց Հայաստանը ներկայանող Արև Պետրոսյանի աշխատանքը։