09/10/2013 12:04
Ջրաշենի բնակչուհու մահվան գործով մեղադրվող բժիշկը ազատազրկվել է 2 տարով
Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան վերաբերյալ գործով ամբաստանյալ մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը կալանավորվել է 2 տարի ժամկետով, զրկվելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամկետով:
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության համաձայն` Հ. Մալխասյանն ընդունվել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, նրա մոտ ախտորոշվել է «հղիության 20 շաբաթական բարդացած մանկաբարձական անամնեզ, սպառնացող վիժում»։
Կանանց կոնսուլտացիա չի հաճախել, ունեցել է 21 հղիություններ։ Ընդունվելուց կատարվել է հետազոտություններ, որոնք եղել են ոչ բավարար ծավալով, չի կատարվել արյան բիոքիմիական քննություն, սոնոգրաֆիա, վերջինս կատարվելու դեպքում կստացվեին հավաստի տվյալներ պտղի քաշի և հղիության ժամկետների վերաբերյալ, չի կատարվել նաև արյան կոագուլոգրամմա։ Ընդունվելուց անմիջապես հետո սկսվել են հղիությունը պաշտպանող բուժական միջոցառումներ, որոնք եղել են ճիշտ։
Ծննդաբերությունից 15 րոպե անց սկսվել է առատ արյունահոսություն, ընկերքը դուրս է բերվել «ձգելով», մաս-մաս, որը եղել է ոչ ճիշտ, պետք է նախ կատարվեր ընկերքի ձեռքային անջատում, որից հետո ստուգիչ կյուրետաժ և արգանդի հեռացում։ Ուշացված վիրահատությունը, ինչպես նաև բացթողումները պատճառ են հանդիսացել արյունահոսության շարունակմանը, օրգանիզմի սակավարյունությանը, հեմոռագիկ շոկի և ԴՎՍ համախտանիշի առաջացմանը և չնայած «Էրեբունի» բժշկական կենտրոն հիվանդի տեղափոխմանը, որտեղ կատարվել են համարժեք, ճիշտ, ժամանակին, բուժական գործողություններ, փրկել հիվանդի կյանքը հնարավոր չի եղել։
Ավելի վաղ Վ. Մարդանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ընդունում է, որ բժշկական սխալ է եղել: «Այո, բժշկական սխալ եղել է, սակայն ոչ մեկը դրանից ապահովագրված չէ: Բացի այդ, այդ կինը ինձ դիմել է արդեն կծկումներով, նա մինչև այդ տանը ինքնաբուժությամբ է զբաղվել»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հ. Մալխասյանը իր մոտ հաշվառված չի եղել և իրեն դիմել է միայն այդ օրը:
Նախորդող հրապարակում` Ջրաշենի բնակչուհու մահվան գործով մեղադրյալ. Նա ինքնաբուժությամբ էր զբաղվել
Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է ԱՆ հանձնաժողով