28/11/2013 15:39
Հանդիպում Ստամբուլում. Ի՞նչ են քննարկելու հայերն ու ադրբեջանցիները
«Դեկտեմբերի 1-5-ը Ստամբուլում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են կանայք՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ղարաբաղից: Մենք էլ ենք մասնակցելու այդ հանդիպմանը, իսկ հանդիպման նպատակն է բարձրացնել կանանց դերը կոնֆլիկտի լուծման գործում»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հրապարակած այն տեղեկությանը, թե Ստամբուլում դեկտեմբերի 1-5-ը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների մասնակցությամբ հանդիպում է նախատեսվում», ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի օգնական Տաթևիկ Աղաբեկյանը:
Նշենք, որ ըստ աղբյուրի, ադրբեջանական կողմը ներկայացնում է Դիլար Ալիևի անվան կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Նովելլա Ջաֆարօղլուն:
Ընդ որում՝ «ԱՊԱ» լրատվական գործակալությունը,հայկական կողմը ներկայացնող կազմակերպության՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» անունը, ներկայացրել էր սխալ՝ Հայաստանի կանանց կենտրոն (Женский центр Армении):
Տ. Աղաբեկյանը նշեց, որ գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունված 1325 բանաձևը, որը 2000 թ.-ից գոյություն ունի, սակայն Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի անում կանանց՝ կոնֆլիկտների լուծման գործընթացներում առավել ակտիվ մասնակից դարձնելու համար:
«Ծրագրի նպատակն այն է, որպեսզի հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրն իր երկրում, կոնֆլիկտի լուծման հարցերում, կանանց դերն առավել մեծացնի: Այս հանդիպումը հերթական հանդիպումներից է, մինչ այդ այդպիսի հանդիպումներ ևս եղել են»,- ասաց Տ. Աղաբեկյանը:
Անդրադառնալով Ստամբուլում կայանալիք հանդիպման ձևաչափին, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչը նշեց, որ հանդիպմանը մասնակիցները ներկայացնելու են ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը:
Ըստ նրա՝ հանդիպումները հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններն են և այդպիսի հանդիպումներ տեղի են ունենում արդեն 5 տարի շարունակ:
Աղաբեկյանը հերքեց «ԱՊԱ» լրատվական գործակալության հրապարակած այն տեղեկությունը, թե հանդիպումը կայանալու է Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ֆորմատով և հավելեց, որ այդպիսի հատուկ նպատակ չի հետապնդվել և որ ադրբեջանական գործակալությունը սխալ է մեկնաբանել և ներկայացրել տեղեկատվությունը:
Հավելենք, որ ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուի գործունեության մասին գաղտնազերծումներ արել նաև Wikileaks-ը: Մասնավորապես նրանում մանրամասներ են ներկայացվում վերջինիս կողմից Բաքվում և Թբիլիսիում կազմակերպվող «հաշտեցման» կոնֆերանսների մասին, որոնք ֆինանսավորվել են Անկարայի և Բաքվի կողմից: Ջաֆարօղլուն սկզբնական շրջանում հանդիպումներ է կազմակերպել Վրաստանի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կանանց մասնակցությամբ: Wikileaks-յան գրառումներում արձանագրված է, որ որոշ կոնֆերանսներին մասնակցել են նաև Հայաստանը և Լեռնային ղարաբաղը ներկայացնող կանայք:
Հետաքրքրական է, որ Ջաֆարօղլուն ընդգծել է, որ իր հանդիպումներից մեկից առաջ, վերջինս իր գաղափարի մասին տեղյակ է պահել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովին, որպեսզի նա աջակցի Հայաստանն ու Արցախը ներկայացնող կանանց մուտքը Ադրբեջան՝ Բաքվում կայանալիք կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Վերջինս խոստացել է առաջարկը քննարկել «պատասխանատուների» հետ: Ջաֆարօղլուն նշել է, որ այդ «պատասխանատուների» մեջ է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը: