06/12/2013 15:52
Դավիթ Գասպարյան. Չարենցը աչքերը բացի, կասի՝ էս ի՞նչ եք անում
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր «Գիրք մնացորդաց» գիրքը շարունակում է մնալ կալանքի տակ Չարենցի դստեր՝ Անահիտ Չարենցի պահանջով Չարենցի թանգարանում:
Դ. Գասպարյանի խոսքով՝ ինքը օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ իրեն հրավիրել էին գրքի մասին բացատրություն ստանալու:
«Ես եղա UCLA համալսարանի, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ամբիոններում և այնտեղի Գրողների միությունում և ներկայացրեցի, որ ինձ էլ հասկանալի չեն գիրքս կալանքի տակ պահելու պատճառները»,- ասաց նա:
Դ. Գասպարյանի խոսքով` այն մարդիկ, ովքեր դեմ են այդ գրքի տարածմանը, այն անգամ չեն կարդացել, իսկ գրքում առկա են նաև էրոտիկ բնույթի բանաստեղծություններ, որոնք ներկայացնում են նրա սերը հակառակ սեռի նկատմամբ և ապացուցում, որ Ե. Չարենցը առողջ տղամարդ է եղել:
«Մեր ասածն այն է, որ ժառանգը գնահատելի է, սուրբ մասունք է, բայց դեռևս ծնողը չէ: Ի՞նչ է նշանակում Չարենցի տանը Չարենցի գիրք փակել: Չարենցը աչքերը բացի, կասի՝ էս ի՞նչ եք անում»:
«Այդ գիրքը պետպատվերով է տպված, երբ կալանված տպաքանակը վաճառվի, միգուցե մի երիտասարդ գրող էդ փողով գիրք կտպի»,-ասաց նա:
Գրականագետը նաև նշեց, որ օրերս լույս են տեսել Չարենցի ստեղծագործությունները` Միրոն Նեստերչուկի ուկրաիներեն թարգանությամբ: Ըստ նրա` գիրքը Չարենցի գործերի ընտրանին է, իսկ ստեղծագործությունների ընտրությունը կատարել է թարգմանիչը: