19/01/2014 13:00
Հերոսապատում. Շղթաներից նախ հոգին պետք է ազատել. Մովսես Գորգիսյան
«Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի: Շղթաներից նախ հոգին պետք է ազատել… »
Մովսես Գորգիսյան
«1990 թ-ի հունվարը լավ եմ հիշում: Լավ եմ հիշում, որ Երասխավան գնալուց առաջ Մովսեսին ասացի` ինձ էլ տար հետդ: Ասաց` չէ, հո Սարդարապատը չի, երբ Սարդարապատ լինի ես վստահ եմ, որ ոչ միայն դու` մեր փոքրիկ Գոհարիկն էլ կգա մեզ հետ…»,- Aysor.am-ին պատմում է Մովսեսի կինը` Ռուզան Գորգիսյանը:
1990 թ.-ի այս օրը Երասխավանի մարտերի ժամանակ զոհվեց ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը. «Ամեն ինչից անկախ՝ այս օրն ինձ համար կորստի ու ցավի օր է: Առաջին բանը, որ հիմա զգում եմ` անդառնալի մարդկային կորուստն է: Կորուստ, ոչ միայն ամուսնու, այլև մարդու, ով սրացավ էր իր հայրենիքի ու երկրի համար»,- պատմում է Ռուզան Գորգիսյանը:
Տիկին Ռուզանի խոսքով՝ 90-ականներին Մովսեսի մահն ասես ազդակ եղավ, և անգամ թմբիրի մեջ եղած երիտասարդները միանգամից պայքարի ելան:
Մովսեսի ու ընկերների ստեղծած «Անկախության բանակին» միանգամից անդամագրվեցին տասնյակ երիտասարդներ: Բառի բուն իմաստով շարժում սկսվեց…
Երասխավանի դեպքերը տիկին Ռուզանը երկու բառով բնորոշեց` սադրանք ու խարդախություն:
«Մովսեսը չգնալ չէր կարող: Այդ պահին նա գիտեր, որ հանրահավաքային կոչերն ու ելույթները պետք է մի կողմ դնել ու զենք վերցնել: Այդ պահին որևէ մեկը չէր համարձակվի նրան ասել, որ սա քո կռիվը չէ»,- պատմում է տիկին Ռուզանն ու ավելացնում, որ ոչ ոք չէր սպասում դեպքերի նման ընթացքի, քանի որ կռիվ գնացողներից և ոչ մեկը մեռնելու չէր գնում, տղերքը հաղթելու համար էին գնում…
Պատմում են, որ Երասխավանի բլրվի վրա, երբ Մովսեսն ապահովում էր գնդերի նահանջը, նա մի պահ պտտվում է դեպի զինվորներն ու բղավում` «Չեք տեսնու՞մ, սա խաղ է…ուղղակի թատրոն»: Տիկին Ռուզանը կարծում է, որ թատրոնը գլխավորապես խորհրդային իշխանություններն էին բեմադրել, իսկ Երասխավանը այդպես էլ մնաց` սկսված պատերազմի առաջին արար.
«Մի բան պիտի ասեմ: Հաճախ եմ լսում` Մովսեսի մասին ասում են` լավ կռվող տղա էր: Չէ’, սա Մովսեսի առաջին ու վերջին կռիվն էր: Նա պարզապես մարդ էր, բառի բոլոր իմաստներով մարդ»,- ասաց տիկին Ռուզանն ու ավելացրեց, որ այսօր մեր հասարակությունում հայրենասիրությունը պատերազմ գնալու հետ են նույնացնում, ինչն այդքան էլ ճիշտ չէ.
«Չկարծեք, թե թերագնահատում եմ տղերքից ինչ-որ մեկին: Ես խոնարհվում եմ պատերազմի բոլոր մասնակիցների առաջ: Բայց հաճախ մարդիկ զենք են վերցնում զուտ պաշտպանական բնազդից ելնելով: Հայրենասիրությունն, ըստ իս, ավելի լայն հասկացություն է, ավելի խորը»,- ասաց Ռուզան Գորգիսյանն ու ավելացրեց, որ հայրենասեր մարդը պատերազմի դաշտից դուրս էլ հայրենասեր է:
Տիկին Ռուզանը պատմում է, որ 1990 թ. հունվարին անընդհատ ցավակցական հեռագրեր էին ստանում` պետական այրերից, ընկերներից: Այդ օրերին ուշագրավ մի հեռագիր էլ եկավ` Ադրբեջանից… Ադրբեջանական կողմն իր ցավակցությունն ու մխիթարությունն էր հայտնում զոհված հերոսի կնոջը.
«Ադրբեջանցիների հետ կապված մի բան էլ եմ հիշում,- պատմում է տիկին Ռուզանը,- զոհվելուց մի քանի ամիս առաջ` 1989թ.-ի նոյեմբերին, Լատվիայում մի համաժողովի էր մասնակցում: Ադրբեջանցիներ էլ կային այնտեղ: Նրանց պատվիրակության ելույթից հետո Մովսեսը ոտքի կանգնեց և ասաց` դուք պետք է խոստովանեք, որ 1988թ.-ի Սումգայիթը ոչ թե ձեր ժողովուրդն է արել, այլ մի խումբ սրիկաներ, դրանով դուք ներում կստանաք: Հիմա իմ մեկնած ձեռքում արդարության զենքն է, և եթե որևէ մեկը կսեղմի այն, ես միայն երջանիկ կլինեմ»,- պատմում է Ռուզան Գորգիսյանը:
Նրա կարծիքով Մովսեսի հայտնի ` «Կեցցե~ այն Հայաստանը, որը վաղն է գալու» արտահայտությունը, ցավոք, այսօր էլ արդիական է մնում:
Մենք բոլորս դեռ սպասում ենք Մովսեսի երազած այդ վաղվա Հայաստանին:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
19/04/2024 17:37