30/01/2014 20:21
Ադրբեջանում հայտնված հայ ծերունին հարցազրույց է տվել. Նրա ձեռքը կոտրված է
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի` «ANS» հեռուստաալիքին տված հարցազրույցը:
Նշենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր հայադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվները: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ:
Տեսանյութի սկզբում պարզ է դառնում, որ Խոջոյանի հետ հարցազրույց անում են հայերեն, համենայնդեպս, դա պարզ է դառնում վերջինիս` հայերենով տված հարցից:
77-ամյա ՀՀ քաղաքացին տեսանյութում պատմում է, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղից է: Տեսանյութում երևում է ծերունու վիրակապած ձեռքը, Մամիկոն Խոջոյանը պատմում է, որ, իբր, միջադեպի օրն ընկել է ու կոտրել ձեռքը, սակայն հիմա իրեն լավ է զգում:
Նա շարունակում է պատմել, որ զբաղվել է խաղողագործությամբ, ապա ծերունու խոսքն ընդհատվում է, իսկ հարցազրույցը ադրբեջանական մեկնաբանությամբ շարունակում է հեռուստամեկնաբանը, ով նշում է, թե Մամիկոն Խոջոյանը հարցազրույցում նշել է, թե «Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է»:
Նկատենք, սակայն, որ Խոջոյանի կորելու առաջին օրը նույն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարներում և նաև տեսանյութում ծերունին ազատորեն շարժում էր ձեռքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերիների, ռազմագերիների հետ հարցազրույցներ կազմակերպելու ու վերջիններիս իրենց քարոզչական նպատակներին ծառայեցնելու մեծ փորձ ունեն: Վերջին անգամ, նման մի «հարցազրույց» կազմակերպվել էր ներկայումս Ադրբեջանում գտնվող, հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է:
Նախորդող հրապարակումներ՝ Ադրբեջանում հայտնված հայ ծերունու թոռնիկը նամակ է փոխանցել նրան
77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է
ԿԽՄԿ-ն բանակցում է սահմանը հատած քաղաքացու հետ հանդիպելու համար
Ադրբեջանում հայտնված 77-ամյա ծերունին գնացել էր խաղող քաղելու