24/02/2014 15:35
Ահազանգ. Գառնիի տարածքում սկսել են գաղտնի շինարարություն իրականացնել
Այսօր վերսկսվել է Գառնու տաճարի տարածքում սրճարանի շինարարական աշխատանքները: Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ, շինաշխատանքների տարածքում իսկական աղբավայր է գոյացել, քանդել են 33 մետր երկարությամբ և 17 մետր լայնությամբ տարածք: Շինտարածքում այս պահին 4 բանվոր է աշխատում: Սրճարանի մի հատվածը մոտենում է Գառնիի բաղնիքի հատվածին:
Թեև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պնդում էր, որ հնագիտական շերտի չեն դիպչելու, նշենք, որ լավատեղյակ աղբյուրը փոխանցեց, որ տարածքն ամբողջովին հնագիտական է և նաև չուսումնասիրված հատվածներ կան, ամբողջ տաճարի տարածքն իրենից ներկայացնում է հնագիտական միջավայր, քանի որ դարերով տարածքը եղել է բնակեցված և հողում դեռևս մշակութային չբացահայտված շերտեր կան:
Tert.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարը նաև նշել է, որ զբոսաշրջիկները «մի ջուր խմելու հնարավորություն չունենա՞ն»:
Նշենք, որ Գառնի տաճարի տարածքում ցայտաղբյուր կա և զբոսաշրիկները կարող են իրենց ծարավ հագեցնել:
Հիշեցնենք, որ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը դեմ է Գառնիի տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը, քանի որ դա նաև հաակսում է պահպանվող տարածքներին վերաբերող հողային օրենսգրքին:
Aysor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանից, սակայն այնտեղից փոխանցեցին, որ այսօր նա աշխատանքի չի եկել, իսկ բջջային հեռախոսն անջատված է:
Հավելացնել, որ Նորավանք համալիրը չներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում միայն այն պատճառով, որ համալիրին կից տարածքում հանրային սննդի կետ էր կառուցվել։