25/02/2014 13:52
Հովիկ Աբրահամյան. Մենք թաղելու վարպետ չենք, ոչ էլ քողարկող ենք
«Երբ չորս քաղաքական ուժերը ներկայացրին գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, ես իմ կողմից ասացի, որ անպայման անդրադառնալու ենք և քննարկելու ենք այդ հարցը, որովհետև բոլորին հետաքրքրում է դրա պատասխանները»,- խորհրդարանում գազային ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ քիչ առաջ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Շարունակելով խոսքը՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ իրենք Հանրապետական կուսակցությունում, նախագահի գլխավորությամբ, քննարկել են հանձնաժողովի ստեղծման հարցը և եկել այն համոզման, որ պետք է հանձնաժողով ստեղծել:
«Դուք, կարծում եմ, նկատում եք, որ ձեր առաջարկած հարցերը նույնպես ներառել ենք մեր նախագծում: Պիտի ասեմ, որ մենք թաղելու վարպետ չենք, ոչ էլ քողարկող ենք»,- դիմելով ոչ իշխանական պատգամավորներին՝ հայտարարեց ԱԺ նախագահը: Եթե կան մադիկ, որ չարաշահել են, ապա, նրա խոսքով, պիտի պատասխան տան:
«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք վարկաբեկում, քննադատում ու թաղում դեռ չստեղծված հանձնաժողովը: Մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք պաշտոնանտար մարդկանց հետ, որ եթե չարաշահել են, թաքցնելու ենք»,- բարկացած ասաց ԱԺ նախագահը:
Կրկին դիմելով ոչ իշխանական խորհրդարանականներին՝ Հ. Աբրահամյանն ասաց, թե կատարեցին նրանց պահանջը, այն է՝ հաձնաժողովի կազմում ընդդիմադիրներն ու իշխանականները հավասար քանակով են ներկայացված:
«Մենք նպատակ չունենք որևէ ապօրինություն կոծկելու: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նախատեսել էինք մինչև նոյեմբեր, որովհետև մտածում էի, որ դա լուրջ աշխատանք է և ժամանակատար, սակայն, եթե ցանկանում եք մինչև ԱԺ նստաշրջանի ավարտը, ապա դրան էլ ենք համաձայն»,- ասաց նա:
Խոսելով հանձնաժողովի դռնփակ աշխատաոճի մասին՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, դեմ է դրան, քանի որ «դեմ եմ, որ որոշ պատգամավորներ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ դեմագոգիայով զբաղվեն»:
Ամփոփելով խոսքը՝ Հ. Աբրահամյանը կոչ արեց բոլոր պատգամավորներին՝ լինել հանդարտ, քանի որ, նրա խոսքով, ուժեղ անձրևը կարճ է տևում:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Զուրաբյան. Մենք ստեղծո՞ւմ ենք ճշմարտության թաղման հանձնաժողով