07/03/2014 17:59
«Այլընտրանք» կենտրոնը ներկայացրել է տնտեսության աճի ճանապարհային քարտեզը
Այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը ներկայացրեց Հայաստանի տնտեսության աճի և մարդկային զարգացման ճանապարհային քարտեզը: Հրավիրված էին տնտեսության հեռանկարային զարգացման հարցերով հետաքրքրված տնտեսագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ և լրագրողներ:
Քննարկման մասնակիցներին ողջունեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նա հրավիրվածներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության աճի և մարդկային զարգացման ճանապարհային քարտեզը, մասնավորապես նշեց, որ անգամ այն տարիներին, երբ ՀՀ-ում գրանցվել է երկնիշ թվով արտահայտված տնտեսական աճ, այն քիչ անդրադարձ է ունեցել մարդկային զարգացման վրա:
«Մեր նպատակն է ներկայացնել այն քայլերը, որոնք հնարավորություն կտան ձևավորել բազմաճյուղ և մրցունակ ազգային տնտեսություն, վերականգնողական աճից անցում կատարել կայուն զարգացման և դրանց շնորհիվ ապահովել բնակչության բարձր կենսամակարդակ: Ի վերջո, Հայաստանի տնտեսության զարգացումն ու բնակչության բարեկեցութան բարձրացումը խարսխված են, մի կողմից՝ տնտեսության մրցունակության, իսկ մյուս կողմից՝ տնտեսական անվտանգության բավարար մակարդակի ապահովման վրա»,- ասաց Թ. Մանասերյանը:
Քննարկման մասնակիցները, անդրադառնալով տնտեսության հեռանկարային զարգացման ազգային մոդելի հիմնադրույթներին, նշեցին, որ հասունացել է երկրում իրականացվող մի քանի տարբեր ռազմավարությունները մեկ միասնական ծրագրով փոխարինելու կենսական անհրաժեշտություն:
Միաժամանակ կարևորվեց տնտեսական աճի և ճանապարհային քարտեզի իրագործման հեռանկարները: Դրվատանքի արժանացավ Մանասերյանի կողմից առաջարկված անկախ փորձագետների տնտեսագիտական խորհուրդ հիմնելու առաջարկը, որը կոչված կլինի պարբերաբար մատնանշել տնտեսության խոցելի կողմերը, անկողմնակալ գնահատական տալ երկրում իրագործվող տնտեսական քաղաքականությանը, իրականացնել պետական ծրագրերի փորձաքննություն և կատարել տնտեսական կանխատեսումներ:
Ելույթ ունեցողներն անդրադարձան նաև Հայաստանի և հայության մրցակցային առավելությունների համակարգված բացահայտման և իրացման հարցերին, «Այլընտրանք» կենտրոնի կողմից մշակված արտահանման խթանման մեխանիզմներին և սցենարներին, դրանք գնահատելով իրատեսական և խիստ կարևոր:
Քննարկմանը մասնակցում էին ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վզգեն Մանուկյանը, ՀՀ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Հանուն Կայուն Զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, պրոֆ. Ալեքսանդր Մանասյանը, պրոֆ. Վարդան Բոստանջյանը, պրոֆ. Բենիկ Միրզոյանը, պրոֆ. Սամվել Ավետիսյանը, «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը անկախ փորձագետներ Արծրուն Պեպանյանը, ՆԻկիտա Զարուբյանը և այլոք: