27/03/2014 15:24
«Շանթ Հարությունյանի դատերին անհնազանդության ակցիաներ կլինեն»
Եթե ՀՀ իշխանությունները և նախաքննական մարմինը խելքը գլուխը չվահաքեն, ապա Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունների ժամանակ անհնազանդության ակցիաներ կլինեն ի պատասխան նրա, որ քաղաքական հայացքների դեմ Քրեական օրենսգիրք է կիրառվում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ 5 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու ընթացքում նախաքննական մարմինը որևէ քննչական գործողություն չի կատարել, բացի նրանից, որ Շանթին համոզել է, որ «մահակից գուցե խփել է որևէ ոստիկանի, չի նկատել, բայց դիպել է»:
Ա. Սաքունցը ասաց, որ Հայաստանը շարունակում է «գլխապատառ, հլու հնազանդ ենթարկվել Պուտինի կանոններին, որի դեմ ընդվզեց Շանթը»:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ անցած շաբաթ իրեն է զանգահարել գործով քննիչը և հրավիրել ուրբաթ օրը քննչական գործողության, սակայն երբ փաստաբանը գնացել է, ասել է, որ քննչական գործողությունը հետաձգվել է՝ առանց մանրամասնելու, թե ինչ գործողություն պետք է կատարվեր:
Նույն գործով անցնող Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ պաշտպանական կողմի համար որոշ դժվարություններ են լինելու իրենց պաշտպանյալների անմեղությունն ապացուցելու համար, իսկ այն լուրերը, որ կմեղմացվեն առաջադրված հոդվածները, իրեն իրատեսական չի թվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մասով:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի փաստաբան. Չկա որևէ հիմք նրան կալանքի տակ պահելու համար