04/04/2014 16:10
Ռ. Հակոբյան. Վարչապետի հրաժարականը արդյունք է 4 ուժերի գործունեության
Այսօրվա աշխատանքային հանդիպումը նախատեսված էր մինչ վարչապետի ու կառավարության հրաժարականը, սակայն դա դարձավ քննարկման հիմնական թեման: Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո, ամփոփելով քառյակի հերթական դռնփակ նիստը, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Մենք արձանագրեցինք, որ վարչապետի հրաժարականը արդյունք էր չորս ուժերի համատեղ գործունեության և եթե նկատի ունենանք, որ նախատեսված էին հանրահավաքներ Հայաստանի մարզերում ու նաև Երևանում, հասկանալի էր, որ սա լրիվ այլ իրավիճակ էր ստեղծելու երկրում: Ու թեև իշխանությունները դրա հետ չեն կապում, բայց մենք արձանագրեցինք, որ այդ հրաժարականը չորս ուժերի համատեղ գործունեության արդյունքն էր»,- հայտարարեց Ռ. Հակոբյանը:
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե քառյակը կարող է իր մշակած թղթերը գցել աղբամանը, Ռ.Հակոբյանը նախ խորհուրդ տվեց մնալ կոռեկտության սահմաններում, ապա շարունակեց.
«Եթե ինչ-որ մեկը չի ուզում ընդունել, որ հրաժարականի մեջ իր դերն է խաղացել նաև ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, ուրեմն նա բան չի հասկանում քաղաքականությունից»,- ասաց Ռ. Հակոբյանը` ավելացնելով, որ քառյակը որոշել է շարունակել համագործակցությունը, առաջիկա քննարկումների ժամանակ կձևավորվի գործունեության օրակարգը, նաև համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ: Բացի այս, առաջիկայում հանդես կգան նաև ՍԴ որոշման վերբերյալ:
«Մենք ամբողջական իշխանափոխության կողմնակիցն ենք: Քառյակի գնահատականն է, որ կառավարության հրաժարականը պայմանավորված է այդ ձևաչափի համագործակցությամբ»,- եզրափակեց խոսքը Ռ. Հակոբյանը:
նախորդող հրապարակումներ` Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել
Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված
Սահմանդրություն. Վարչապետի հետ միասին հրաժարական կտա նաև կառավարությունը