14/04/2014 16:12
Գրական բլոգ. Նշան Աբասյան. Ճակատագրեր
1.
Ծառից պոկոտած կեղևն եմ ես,
կրծքից քերծոտած թաքունը,
ածուխի կարմիր մորմոքն եմ,
իրիկվա ծո՜ւխը,
քամին լռության...
2.
Թախծի հևքն եմ ես`
աշնան մինորը,
անձրևի գույնը,
հողի լացը խուլ,
ճիչը կանաչի,
քամուն հանձնված տերևը դեղին...
վերևը... քամին...
3.
Ես պապանձումն եմ,
չռված հայացքը անթարթ աչքերի,
արտասուքն եմ հեգ,
հեկեկումը խեղճ,
որբը աներկիր...
4.
Գրչի առաջին հպումը թղթին
և վարանումը...
Չգրված տողի դողը մատներին,
գրելու տողը,
թուղթը սպիտակ...
5.
Մեխը,
վերարկուն,
շարֆը դարակին…
Գոլորշին, թեյը,
պատուհանը թացը...
Անձրևը սիրուն,
տողերը կոկիկ
լռությունը հեզ…
6.
Իրիկունը՝ թաց,
իրիկունը՝ մով,
իրիկունը՝ մերկ...
Գրերը ճերմակ,
գրքում շշուկ է...
Մեղեդի՞ է,
հև՞ք...
7.
Բառերը կորցրած մեղեդին եմ ես,
շաչյունը ծառի:
Ծաղկաթերթիկն եմ անհայտ ծաղիկից՝
անձրևի օրը...
Պատուհանն եմ բաց,
բույրը թաց հողի...