15/04/2014 20:54
Փաստաբանական դպրոցի նոր տնօրենը Սիմոն Բաբայանն է. Կխոսեմ 100 օր անց
Փաստաբանական դպրոցի տնօրեն է նշանակվել Սիմոն Բաբայանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Սիմոն Բաբայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դրական է տրամադրված, «աշխատանքը շատ է, պետք է շարունակենք աշխատել»:
Նա, սակայն, հրաժարվեց խոսել ծրագրերի մասին, ասելով, որ առաջիկա 100 օրվա ընթացքում չի պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ, հետո կխոսի արածի և հետագա քայլերի մասին:
Հարցին՝ արդյոք պատրաստվու՞մ է շարունակել նախկին տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի ընտրած ուղին, նա պատասխանեց. «Դպրոցի զարգացման տեսանկյունից, միանշանակ, այո»:
Հարցին՝ արդյոք անսպասելի էր իր համար իր նշանակումը, նա պատասխանեց. «Որոշակի առումով այո, որոշակի առումով, ոչ, քանզի այդ գործընթացը միշտ եղել է և չի կարելի այդ հարցին միանշանակ պատասխան տալ»:
Նա հաստատեց, որ Ն. Բաղդասարյանը շարունակելու է համակարգել որոշ միջազգային ծրագրեր, որոնք գրանտային կարգով են իրականացվում: