15/04/2014 18:21
Անահիտ Բախշյան. Անցեք հայեցի դիմելաձևերի
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի և այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետև իմ դպրոցում եղած ժամանակ ընդունված դիմելաձևը «պարոն» և «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում և նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձևը, որովհետև երեխաներից ու ուսանողներից այդպես է պահանջվում: Ինչի՞ մասին է խոսում այս փաստն այն դեպքում, երբ առնվազն լրատվությամբ թե՛ բուհերի ռեկտորները, թե՛ տնօրենները լսում են, թե ինչպես պաշտոնական բոլոր մակարդակներում պետական այրերը խոսում են «պարոն» և «տիկին» դիմելաձևով:
Ինչո՞ւ պատկան մարմինները տնօրենների, ռեկտորների ուշադրությունը չեն հրավիրում այս երևույթի վրա և չեն հորդորում նրանց վերանայել հին դիմելաձևը, որը միայն ձև չէ, այլ կարծրատիպ կոտրող: Հարգելիներս սա մանրուք չէ, Հայաստանում արդեն ընդունված «տիկին», «պարոն», «օրիորդ» դիմելաձևերին երեխաները պետք է սովորեն սկսած մանկապարտեզից, սա հայեցի է ու այն միայն պարզապես դիմելաձև չէ, այլ նաև՝ դաստիարակություն: Կոչ եմ անում ու խնդրում պատկան մարմիններին գործնական քայլեր ձեռնարկել ուսումնական հաստատություններում հայեցի դիմելաձևերին անցնելու ուղղությամբ»: