15/04/2014 09:43
Պորտֆելներից կզրկվեն Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը և Վաչե Գաբրիելյանը
«Առավոտի» խմբագրիր Արամ Աբրահամյանը գրել է. «Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքական դեմք է, և նրա նշանակումը զուտ քաղաքական քայլ է: Երբ ասում էին, որ վարչապետի թեկնածությունը պետք է բոլորի համար ընդունելի լինի, խոսքը հենց քաղաքական շրջանակների մասին էր, և առաջին հերթին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի գործարարի մասին: Մնացածների կարծիքը տվյալ դեպքում երկրորդական է` ով փող ունի, նա էլ երաժշտություն է պատվիրում: Նոր կառավարության թիմը նույնպես, հավանաբար, համապատասխանեցվելու է քաղաքական նպատակներին:
Ըստ երևույթին, նախարարական պորտֆելներից կզրկվեն Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը և Վաչե Գաբրիելյանը: Անձամբ ես ուրախ կլինեմ, որ նրանք հանեն նախարարների վեղարները, դառնան նորմալ «աշխարհիկ» մարդիկ: Չնայած ենթադրում եմ, որ Ա. Աշոտյանը նվիրվելու է քաղաքականությանը, և շուտով մենք ականատես կլինենք նրա և ԲՀԿ-ականների նոր «մենամարտերին»: Կառավարություն կգան ավելի պրագմատիկ մարդիկ, որոնք չեն ընկնի տեսությունների, երևակայական պատկերների հետևից: Կդադարեն թեև գեղեցիկ, բայց անպտուղ խոսակցությունները «Գյումրիի տեխնոպարկի» և «Դիլիջանը` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն» դարձնելու մասին: Իսկ օրինակ Հյուսիս-Հարավ ժամանակակից ավտոմայրուղին պետք է սարքել` ոչ այնքան այն պատճառով, որ առանց այդ ճանապարհի մենք չեն կարողանա ապրել, այլ որովհետև մի հատվածում աշխատանքներն արդեն սկսել են` հիմա դա թողնելը կհիշեցնի «երկրորդ այիբի» պատմությունը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: