15/04/2014 17:20
Այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է
Արշիլ Գորկին` իսկական անուն-ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան, ծնվել է 1904թ-ի ապրիլի 15-ին Վանի Խորգոմ գյուղում: 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը:
1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ:
Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը, որտեղ դասավանդել է 5 տարի: Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը», նատյուրմորտներ և բնանկարներ:
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական` աբստրակտ, նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» 1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում», «Ջրվեժ» 1943 թ., «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» 1944 թ., «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» 1944 թ., «Հոգեվարք» 1947 թ., «Արորը և երգը» 1947 թ., որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը: Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում։