15/04/2014 17:06
«Զատիկի տոնին ընդառաջ՝ հնարավոր է ձուկը թանկանա»
Դեռ երեկ ՀՀ գյուղնախարարությունը հավաստիացնում էր, որ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ ձուն և ձուկը չեն թանկանա, բայց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը հայտարարեց, որ հնարավոր է 100 դրամի տարբերությամբ ձուկը նույնպես կթանկանա:
Պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը՝ բանախոսը նշեց. «Այսպես, թե այնպես ձուկը պետք է թանկան Զատիկի տոնին ընդառաջ, բայց Զատիկից հետո ավելի կթանկանա: Դա շուկայական պահանջարկի աճով է պայմանավորված»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հիմնականում այդ թանկացումները կլինեն իշխան ու թառափ ձկնատեձսակների հետ կապված:
Ա. Աթոյանը նշեց, որ չի ուզում ասել, թե ինքը ճիշտ է խոսում, իսկ գյուղնախարարությունը ստում է, բայց այդ թանկացումները հարկադրաբար են լինելու:
«Ես վաղուց էի ասել, որ ձուկը թանկանալու է: Շուկայական առաջարկից ու պահանջարկից են կախված դրանք: Եվ այդ թանկացումները կլինեն կրկնակի, եթե շարունակվեն կործանարար միջոցներ կիրառվել ձկնարտադրողների նկատմամաբ»,- ասաց նա:
Ա. Աթոյանի խոսքով՝ ընդհանրապես ոլորտում շատ են խնդիրները, բայց հիմնական ու կարևորագույն խնդիրը կապված է լիցենզավորման հետ: Նրա համոզմամբ՝ եկամտաբեր բիզնեսն այսօր դարձել է անեկամտաբեր, որովհետև լիցենզիա ստանալու համար տնտեսվարողները պետք է վճարեն 15 մլն դրամ:
«Լինելով առաջնային գյուղմթերք, լիցենզավորման գործընթացն անհամատեղելի է ու անթույլատրելի է: Մենք, փաստորեն, հակադարձում ենք միջազգային մի շարք կազմակերպությունների այն պնդումներին, որ գյուղմթերքը չպետք է լիցենզավորվի»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ լիզենցիայի պատճառով հնարավոր է, որ մի շարք տնտեսվարողներ այլևս ձկնաբուծությամբ չզբաղվեն: Բացի այս՝ Ա. Աթոյանը նշեց, որ առանց գիտական հիմնավորվածության և անհիմն կերպով 10 անգամ թանկացվել է ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրերը:
«Ինչո՞ւ հենց 10 անգամ: 3 ձկնաբուծական տնտեսություններ արդեն դադարեցնում են իրենց գործունեությունը: Թեև այդ գործընթացը նոր է սկսվել, բայց ավելի շատ աշխատատեղեր ենք կորցնելու: Շատերը մտադիր են իրենց բիզնեսը վաճառել»,- մանրամասնեց նա՝ նշելով, որ մինչ օրս բացատրություն չի տրվել, թե ինչով է պայմանավորված այդ թանկացումները:
«Այդ ամենի համար նախատեսվում է առասպելական թվերի հասնող պայմանագիր, որը լուրջ սպառնալիք է բոլորիս համար»,- նշեց նա:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ թե կա՞ սպառնալիք, որ լիցենզավորումը պարտադրելով իշխանություններն ուզում են մի քանի հոգու ձեռքը կենտրոնացնել այդ բիզնեսը, Արթուր Աթոյանը նշեց. «Կա այդպիսի սպառնալիք, դրա համար մենք մեր անհանգստությունն ենք հայտնել երկրի Նախագահ Սերժ Սարգսյանին ու Կառավարությանը և ասել, որ լիցենզիայի պարտադիր լինելը հիմնավորված չէ: Նախագահից խնդրել ենք դադարեցնել այդ գործընթացը, իսկ մինչև այդ՝ պետք է հարցի շուրջ լուրջ քննարկումներ կազմակերպենք»,- նշեց նա:
Արթուր Աթոյանի հավաստմամբ՝ խնդիրներ կան նաև ոռոգման ցանցի հետ կապված:
«Անկախ նրանից, թե մենք ջրային դեֆիցիտ ունենք, թե ոչ՝ եթե մենք օգտագործում ենք հումք, մենք անպայման խնայողության միջոցներ պետք է կիրառենք: Ինչ վերաբերում է գյուղերին ու համայնքներին, ապա այդ համայնքների ղեկավարները պատճառաբանում են, որ ջուր կա, բայց խնդիրը ջրի տեղափոխման հետ է կապված. ցանցն է վնասված, որի պատճառով ջուրը չի հասնում իր նշանակետին ու չի կարողանում իր նպատակին ծառայել: Շատ ենք լսել, որ համայնքներ բարձրաձայնում են, բայց մենք պետք է առաջին հերթին ուսումնասիրենք այդ ջրատվության աղբյուրները, հետո վթարայնության աստիճանը, իսկ հետո պետք է հասկանանք՝ խնդիրը իրո՞ք ջրի սակավությունն է, թե այլ խնդիր կա: Վնասված ոռոգման ցանցի պատճառով չենք կարողանում ջուրը տեղ հասցնել: Այս մասին տեղյակ են նաև Կառավարությունում: Մի կողմից ասում են, որ ձկնային տետեսությունները ճահճացնում են տարածքները, մյուս կողմից՝ տարածքների մեծ մասը ջուր չկա: Մենք չենք կարողանում կազմակերպել հավասար բաշխում»,- ասաց Աթոյանը: