15/04/2014 19:20
Ադրբեջանի բնակիչը փորձել է փախչել Հայաստան (Տեսանյութ)
Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է զինվորականների կողմից Հայաստան փախչելու փորձի համար: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով «Ազդալըգ» ռադիոկայանին իրավապաշտպան Հաքիմելդոսու Մեխթիևին:
Ըստ աղբյուրի՝ Ն. Մամեդովը ապրիլի 12-ին Հայաստան փախչելու փորձ է կատարել, քանի որ ոստիկանները հրաժարվել են ուսումնասիրել նրա ահազանգը:
«Մոտ 1 տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտը սկսել է սպառնալ Ն. Մամեդովի կնոջը և նրանից խլել փողերը, հետո նա սկսել է շանտաժի ենթարկել նրան՝ պահանջելով հանդիպել իր հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ նրանց տեսել է Նազիմի որդին և ծեծկռտուք է սկսվել ոստիկանության սերժանտի հետ: Նազիմի կինը պատմել է ամեն ինչի մասին և ոստիկանություն դիմել դրա վերաբերյալ: Կատարվածի մասին իմացել է ողջ գյուղը և անգամ նրանց դստեր և որդու ամուսնություններն են տապալվել: Շուտով բաժանվել է նաև Ն. Մամեդովը և հայտարարել, որ կգնա Հայաստան, եթե իր բողոքը կդիտարկեն»,- ասել է իրավապաշտպանը:
Սահմանի վրա նրան ձերբակալել են, նա գտնվում է Ազգային անվտանգության նախարարությունում և նրա ճակատագրի վերաբերյալ որևէ բան հայտնի չէ: