15/04/2014 15:51
Հայրը 4 տարի պայքարում է երեխային տեսակցելու համար. Հայցը ՄԻԵԴ-ում է
Շուրջ 4 տարի իր երեխային տեսակցելու իրավունքի համար պայքարող Դավիթ Ծաղիկյանը ՄԻԵԴ-ից պատասխան է ստացել, որ իր հայցադիմումը վարույթ է ընդունվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դ. Ծաղիկյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազության, ԱԱԾ, ոստիկանության աջակցությամբ ապօրինաբար խլել են իմ երեխային և մինչև օրս նա չի կարողանում հասկանալ, թե ո՞րն է դրա պատճառը:
«Երեխայի մոր հետ ամուսնացած եմ եղել 2004-2008 թթ. ընթացքում: Մի օր պետք է սուրճ պատրաստեր, հեռախոսը զանգեց, նրա մայրն էր, չգիտեմ, ինչ ասաց աղջկան, ինքը սկսեց վիճել հետս ու դրանից հետո ես չեմ կարողացել տեսակցել որդուս, որովհետև նրանք ոստիկանների ուղեկցությամբ են երեխային մանկապարտեզ տարել, հիմա էլ երեխան մենակ դպրոց չի գնում: Ես փորձել եմ խոսել նախկին կնոջս հետ, բայց ինչքան մոտեցել եմ, նա սկսել է գոռալ՝ ոստիկանություն, ինձ դանակով սպառնալիքներ են տալիս և մի քանի ժամ անցկացրել եմ ոստիկանությունում»,-ասաց նա:
Դ. Ծաղիկյանը նշեց, որ երեխայի պապիկը ոստիկանության գնդապետ է և թեև հիմա համակարգում չի աշխատում, բայց «երևի հին կապերի շնորհիվ այդ ժամանակ կարողացավ խլել երեխային»:
Դ. Ծաղիկյանը նշեց, որ բազմիցս դիմել է տարբեր պատկան մարմիններին, սակայն ապարդյուն:
«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կուզենամ անվանել սուտասան, քանի որ նա մինչև ընտրվելը հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու բոլոր աղմկահարույց և ոչ աղմկահարույց հարցերը, բազմաթիվ նամակներ եմ ուղարկել դրանից հետո և անպատասխան, կամ էլ տրված են այնպիսի պատասխաններ, որոնք ոչինչ չեն ասում և իմ նամակի պահանջից չեն բխում: Ուզում եմ հասկանալ, Գևորգ Կոստանյանը օրենքի տառին տիրապետո՞ւմ է, թե չի աշխատո՞ւմ: Ինձ թվում է՝ նա անգործության մատնված վիճակում է, որովհետև իր ենթակաները մեկ պատասխանում են, որ դատագենետիկական փորձաքննության կարգ գոյություն չունի, մեկ էլ գրում են, որ փորձաքննությունը կատարվել է օրենքի սահմաններում, թեև ինձանից ոչ մի տեսակի փորձանմուշ չեն վերցրել:
Ես միջնորդել եմ, որ իմ փորձանմուշը տան, ես ստուգեմ այլ երկրում, սակայն երեխայի մայրը հրաժարվում է, ասելով, որ միայն նույն փորձագետի մոտ է պատրաստ փորձաքննության ենթարկվել: Սա ցանկացած դատախազին, ով տիրապետում է օրենքի տառին, մտածելու տեղիք կտար»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ 2012 թ. ՀՀ ԱԱԾ ինքը 3 դրվագ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն ստացել է անիմաստ ու կեղծ որոշում:
«Երեխայի մորը կեղծ դիպլոմով դպրոցի տնօրեն էին նշանակել, բայց նա բարձրագույն կրթություն չուներ և ոչ մի վայրկյան մանկավարժ չէր աշխատել: Նպատակը այն էր, որ երեխայիս որևէ կերպ հնարավոր չլինի տեսակցել: Մյուսը այն էր, որ փորձագետը առանց փորձանմուշ վերցնելու եզրակացություն էր ներկայացրել դատարան և երրորդը, որ այս գործով կեղծ փաստաթղթեր են ներկայացվել: Կեղծված դիպլոմի մասին գրեցին, որ չեն կարողանում բացահայտել, թե որտեղից է այն ձեռք բերվել, փորձաքննության մասին ասացին, որ օրենքով դրա անցկացման կարգը սահմանված չէ, իսկ կեղծ փաստաթղթերի համար մինչև օրս ոչ դատախազությունն է արձագանքում, ոչ էլ որևէ պատասխան կա: Առանց ինձանից փորձանմուշ վերցնելու եզրակացություն են տվել, որ երեխան սերված չի ինձանից: Իսկ հարցին, թե ո՞ւմից է սերված, երեխայի պապիկը ասել է, որ իրենից:
Դատարանում իրենք պնդեցին, որ ինքը անբարոյական է եղել և չգիտի, թե ումից է սերված, բայց իրենց բակում երեխայի պապիկը ինձ հայտարարեց, որ երեխան սերված է իրենից ու հիմա էլ պապիկի ազգանունն է կրում: Ես ՀՀ գլխավոր դատախազության կիբերհանցագործությունների վարչության պետին և դատախազ Ամիրզադյանին, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնաց Մարուքյանին և քննիչ Գոռ Միրզոյանին ծանր հանցագործության մեջ եմ մեղադրում: Եթե ՀՀ-ն օրենքի երկիր է, թող ՀՔԾ-ն նյութեր նախապատրաստի և եթե չկարողանամ հիմնավորել, պատրաստ եմ դատվելու սուտ մատնության համար»,-ասաց նա:
Դ. Ծաղիկյանի խոսքով՝ երբ ՄԻՊ-ը դատական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է հրապարակել, ինքը նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազին, որ «խնդրեմ, ես պատրաստ եմ տրամադրել ծանրակշիռ փաստեր և ապացույցներ, սակայն դատախազը անգամ չի ընդունել և լսել իրեն»:
Դ. Ծաղիկյանի խոսքով՝ երեխան ցանկանում է իր հետ հանդիպել և ինքը մի քանի անգամ թաքուն հանդիպել է նրան, սակայն այժմ պահանջում է, որ երեխայի հետ օրինական կարգով տեսակցելու իրավունք տրվի:
«Իմ երեխան բիբար չի, որ ասում են, քեզ պե՞տք է, ուրիշը կունենաս: Ես ուզում եմ, որ թույլ տան երեխայիս հետ շաբաթվա մեջ որոշակի օրերի տեսակցել, որ ես կատարեմ նրա հանդեպ իմ հայրական պարտքը, պատրաստ եմ եռակի ալիմենտ վճարել»,-ասաց նա: