15/04/2014 11:33
Փաստաբան. Նախաքննությունը ի վնաս Իսոյի է իրականացվում
41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսոյի) փաստաբան Գայանե Գալոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս գործով որոշ փորձաքննությունների պատասխանենր առկա են, որոնք չեն ապացուցում իր պաշտպանյալի առնչությունը այս դեպքին:
«Նշանակվել են 26 փորձաքննություններ, պատրաստ են զենքի, զենքի առկայության վերաբերյալ փորձաքննությունները, որոնք չեն ապացուցում իմ պաշտպանյալի առնչությունը այս դեպքին: Նոր փորձաքննությունների պատասխանները դեռևս հայտնի չեն, թեև կարծում եմ, որ դրանք շուտով պատրաստ կլինեն»,- ասաց նա:
Գ. Գալոյանի խոսքով՝ Մովսես Ներսիսյանի դիակը այժմ էլ հայտանբերված չէ և իր մոտ տպավորություն է, որ նախաքննական մարմինը միտումնավոր երկարաձգում է քննությունը:
«Ես հակված եմ նրան, որ նրանք դիտավորյալ Մովսես Ներսիսյանին շահարկեցին, և ինչքանով ես եմ հասկանում, նա իրավական դեռևս կարգավիճակ չունի, որովհետև եռամսյա ժամկետում որևէ մեկը չի հայտարարել, որ Մ. Ներսիսյանը տուժող կամ մեղադրյալ է, վկա լինել հաստատ չէր կարող: Տպավորություն է, որ նախաքննական մարմինը միակողմանի, ի վնաս Իսրայել Սարգսյանի է անցկացնում նախաքննությունը»,-ասաց նա:
Գ. Գալոյանը նշեց, որ իր պաշտպանյալի թույլ չեն տվել տեսակցել ծնողների հետ, հեռախոսազրույցի իրավունքից են զրկել:
«Մենք ապրիլի 9-ին դիմել ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, դեռևս պատասխան չունենք, մերժվել է տեսակցությունը թույլ տալու միջնորդությունը, դիմել ենք Հելսինկյան հանձնաժողովին, խնդրել իրենց միջամտությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանին (մականունը՝ Իսո) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 Հոդվածի 1 Մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:
41-ամյա Արթուր Սաֆարյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է:
Նախորդող հրապարակում՝ Իսրայել Սարգսյանի փաստաբան. Մոսոյին նախ ողջերի մեջ պետք է փնտրել
Փաստաբան. Իսոյի մասին տեսանյութը տարածելու մեջ դիտավորություն եմ տեսնում