15/04/2014 15:22
Հովիկ Աբրահամյանն ամենաներդաշնակ թեկնածուն էր. Քաղտեխնոլոգ (Տեսանյութ)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը թեև դժվարանում է ասել, թե որոնք էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի իրական պատճառները, այնուամենայնիվ՝ նա գտնում է, որ նոր վարչապետի փոփոխմամբ մեր ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ իր համար Հովիկ Աբրահամյանն ընդունելի թեկնածու էր ի սկզբանե:
«Ընդունելի է ինձ համար, ընդունելի լինի բոլորի համար: Մնում է 7 տեղ բաժանեն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ վարչապետի փոփոխությունը նորմալ ներքաղաքական գործընթաց է, որը տեղի է ունենում նորմալ զարգացած երկրներում:
«Հովիկ Աբրահամյանի ընտրությունը անակնկալ չէր ոչ մեկի համար: Եթե վերցնենք ընդհանուր քաղաքական դաշտը, ապա այս քաղաքական համակարգի համար Հովիկ Աբրահամյանն ամենաճիշտ ու ամենաներդաշնակ թեկնածուն էր և ոչ մի անակնկալ բան այստեղ չկա: Իսկ եթե վերցնենք քաղաքական կոմպլեքսը, ապա միշտ ասել եմ՝ եթե ԲՀԿ-ն չհամաձայնի կոալիցիայի մաս կազմել, Հովիկ Աբրահամյանը չի դառնա վարչապետ»,- մանրամասնեց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ ակնհայտ երևում է, որ այս ընթացքում տեղի են ունեցել ինչ-որ ներքաղաքական բանակցություններ:
«Խնդիրը նրանում չէ՝ ԲՀԿ-ն կկազմի՞ կոալիցիայի մաս, թե՞ ոչ: Ես շարունակում եմ պնդել ու համոզված եմ, որ կա ընդհանուր պայմանավորվածություն»,- հավելեց նա՝ նկատելով, որ հենց այդ ֆոնում էր, որ տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը:
«Չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը գնացել էր Սերժ Սարգսյանի մոտ, որ ասի, որ իր վրա հույս չդնեն: Ինչ են պայմանավորվել՝ ես չգիտեմ, որովհետև ոչ մեկը ոչինչ չի ասում, բայց այն որ կա պայմանավորվածություն, դա արդեն իսկ ակնհայտ է, քանի որ դրանից հետո էր, որ հաստատվեց Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակվելու հարցը», ասաց նա:
Անդրադառնալով 4 ներքաղաքական ուժերի համագործակցությունը՝ Կ. Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել, թե հրաշալի քառյակը «ճաք է տվել, թե գաջվել է», բայց իր համար պարզ է մի բան. «Կա որոշակի պայմանավորվածություն: Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց զգուշացրեց, որ խաղեր չտան, բայց այդ ուժերը արդեն խաղեր տվել են: Հիմա կոալիցիա կմտնեն, չեն մտնի, չեմ կարող ասել, բայց որ խաղեր տվել են՝ դա փաստ է: Եթե չտային, Հովիկ Աբրահամյանը չէր դառնա վարչապետ: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորին, ապա պետք է հարցնել հենց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ինքը համաձայն կլիներ իր խնամու տեսակետի հետ, թե ոչ»,- հավելեց նա:
Իսկ նորընտիր վարչապետի հետագա անելիքներին մասին խոսելիս՝ բանախոսը նշեց, որ երկրի վիճակը լուրջ է: «Հայաստանին պետք է ոչ թե սիրված վարչապետ, այլ «ճգնաժամային մենեջեր», ով կկարողանա երկիրը ոտքի կանգնեցնել: Իսկ յուրաքանչյուր ոլորտում անհրաժեշտ են լիդեր մենեջերներ, որոնք կարող են երկիրը տանել առաջ, որոնց գոնե կլսի իրենց ոլորտը, և որոնք կնստեն իրենց ոլորտների հետ ու կքննարկեն, թե ինչ կարելի է անել: Միայն, այս դեպքում կարելի է դուրս գալ այս հիմար ճգնաժամային վիճակից»,- ասաց Քոչարյանը: