15/04/2014 16:06
«Ո՞վ է հրաշալի քառյակը. Բիթլզը՞…»
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նորընտիր վարչապետին՝ նշեց, որ իր համար հետաքրքիր է ոչ թե այն, թե ով կստանձնի վարչապետի պաշտոնը, այլ այն՝ թե ինչ վարքագիծ կդրսևորի նա: Վարդանյանը մտահոգված է հատկապես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, ինչն ըստ նրա՝ իրատեսական չի համարվում:
«Հովիկ Աբրահամյանին ուղղված ուղերձում որևէ զարգացման միտում չտեսա: Ցավոք, ես չլսեցի հանձնարարական պրոգրես: Այդ ուղերձն ավելի շատ «յոլա տանելու» ուղերձ էր, քան հանձնարարություն»,- ասաց նա՝ շարունակելով, որ Հայաստանի ճգնաժամային իրավիճակում անելիքները շատ կարևոր են:
«Բազմաթիվ խնդիրներ կան չլուծված, հետևաբար ով էլ լինի վարչապետի աթոռին, պետք է կարևորվի ոչ թե նրա անձի խնդիրը, այլ ներկայացված ծրագիրը: Պետք է անձերը լինեն ընկալունակ մարդիկ, որպեսզի հանձնարարականները ճիշտ և ժամանակին կատարվեն: Այսօրվա քաղաքական պալիտրայում քիչ մարդիկ կան, ովքեր կարողանում են իրենց խոսքը կատարել»,- նշեց նա:
Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ բանախոսը նշեց, որ թեև այդ ծրագիրը դեռ հայտնի չէ, բայց առանձնակի հույսեր էլ չի փայփայում:
«Շատ բան հիմնականում կախված է անձնական հարաբերություններից: Խնդիրը բյուջեն չէ: Արդեն վաղուց Հայաստանի տնետսությունը զարգանում է ոչ թե Հայաստանի բյուջեի հաշվին, այլ այն շարժվում է միջազգային օլիգարխիայի ֆինանասական միջոցներով: Դա անգամ չի էլ թաքցվում»,- նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ թեև քաղաքական վերնախավը երդվում է «իրենց ամենաթանկագին բաներով», այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ երկրում էական փոփոխություններ տեղի չեն ունենում:
«Խնդիրները նույնպես շատ են: Փաստն այն է, որ մեր պաշտոնյաների երդումը իրատեսական չէ: Հայաստանում ադեկվատ ընկալում չկա, թե հանրության մեջ ինչ է կատարվում, հետևաբար ուզեն, թե չուզեն մեր պաշտոնյաները դրժում են իրենց երդումը»,- հավելեց նա:
Անդրադառնալով հարցին, թե վարչապետի փոփոխմամբ հնարավոր է, որ «հրաշալի քառյակը» ճաք տա՝ Կ. Վարդանյանը նշեց, որ ճաքերի գործով հայտնի է Քոչարյանը, այնուհետև հավելեց. «Ո՞վ է հրաշալի քառյակը: Բիթլզը՞… Նույն ձևի հայտնի՞ են իրենք:
Քառյակ-մառյակը բրեմենյան հեքիաթներ են, որոնց պատմությունն արդեն տարել է: Լևոն Տեր-Պետրոյսնը, Գագիկ Ծառուկյանը, աղոթող բաները.… ապրում են միայն լրագրողների շնորհիվ: Երկրում լուրջ փոփոխություններ են եղել: Այսօր, ի դեմս «Դեմ եմ» շարժման՝ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որը շատ ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունի իշանությունների վրա, քան քաղաքական այդ 4 ուժերը: Այդ քառյակը, վեցյակը իրականում ոչինչ չեն կարողանում անել: Եթե 5 օր նրանց մասին չգրեն՝ ժողովուրդը դրանց մասին կմոռանա: Նախ նրանք մտքեր չեն արտահայում, իսկ հետո՝ ոչինչ չեն անում: Ինչպես կարող են իրենք քննադատել կառավարությանը, երբ իրենք գործ չեն անում: Բագրաատյանը քաղաքական ուժ չէ. քաղաքական անհատ է: Կարելի է առանձնացնել նաև Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանին, բայց կուսակցությունները պրոգրես չեն կարողանում իրականացնել: Նույնը վերաբերում է ԲՀԿ-ին: Բոստանջյանը կարող է կարծիք հայտնել, բայց ԲՀԿ-ն գործ չի անում: Դե էն աղոթածի մասին բան չեմ ուզում ասել»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ այդ ուժերը մեր օրերում «ֆանտոմային ցավեր» են հիշեցնում, և որոնց կտրելու ժամանակն արդեն եկել է: