15/04/2014 15:00
ԲՀԿ-ական պատգամավոր. Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր
Ցանկություն կա ԱԺ-ում աշխատելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, ով Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ՀՀԿ ցուցակով անցնում է ԱԺ:
«ԱԺ աշխատանքը շատերը պատկերացնում են ամբիոններում, իսկ ես պատկերացնում եմ ավելի քիչ խոսել, ավելի շատ աշխատել հանձնաժողովներում, ավելի շատ կոճակներ սեղմել, ավելի շատ քննարկումների մասնակցել»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանն՝ ընդգծելով՝ նոր վարչապետից ու կառավարությունից մեծ սպասելիքներ ունի.
«Հովիկ Աբրահամյանն ունի կենսագրություն, կազմակերպչական ջիղ, մենք աշխատել ենք միասին: Վարչապետն ունի բոլոր հնարավորությունները՝ այսօր եղած թերությունները շտկելու»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի նշանակմանն, ասաց, որ իրենք երբեք չեն դրել անձերի խնդիր.
«Կապ չունի, թե ով կղեկավարի կառավարությունը: Կարևորն այն է, որ նա կարողանա կազմել ծրագիր և հետամուտ լինել դրա իրականացմանը»,- ասաց Լյովա Խաչատրյանն՝ ավելացնելով.
«Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր. թույլ կտան, թե ոչ՝ արդեն այլ հարց է: Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ ակադեմիական գրքեր կարդալն ու լեկցիաներից ցիտատներ բերելը հասցրին էս վիճակին: Պետք է կյանքի փորձ ունեցող, որ համադրի գիտելիքն ու ներդրվի տնտեսությունը էս վիճակից հանելուն»,- ասաց ԲՀԿ պատգամավորը: